Նախնական տվյալներով` ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 34 մլրդ 706 մլն դրամ:
Հունվար-նոյեմբեր ամիսներին հարկային եկամուտները և տուրքերը ավելացել են 27.3 տոկոսով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին հայտնեցին ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ նշելով, որ ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը պլանավորված 32 մլրդ 554 մլն դրամ ցուցանիշը գերազանցել են 6.6 տոկոսով կամ 2 մլրդ 151 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 27.3 տոկոսով կամ 7 մլրդ 443.3 մլն դրամով:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պլանային առաջադրանքները գերակատարվել են բոլոր եկամտատեսակների գծով:
Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 25 մլրդ 793 մլն դրամը կամ 74.3 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19 մլրդ 430 մլն դրամի կամ 71.3 տոկոսի դիմաց:
Նշենք, որ 2016թ.-ին, ապրիլյան պատերազմից հետո կառավարության որոշմամբ գրեթե բոլոր եկամտատեսակների գծով նվազեցվել են հարկային հավաքագրման չափերը: