Artsakhpress

Մշակույթ

Ամերիկյան աշխարհահռչակ HBO հեռուստատեսային ցանցը կգնի և կցուցադրի «Վերջին բնակիչը» ֆիլմը Արևելյան Եվրոպայում. Ջիվան Ավետիսյան

Արցախի Խաչմաչ գյուղը` ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի միջոցով մեծ ճանաչում կունենա Արևելյան Եվրոպայի երկրներում:

Ամերիկյան աշխարհահռչակ HBO հեռուստատեսային ցանցը կգնի և կցուցադրի «Վերջին բնակիչը» ֆիլմը Արևելյան Եվրոպայում. Ջիվան Ավետիսյան

Ամերիկյան աշխարհահռչակ HBO հեռուստատեսային ցանցը կգնի և կցուցադրի «Վերջին բնակիչը» ֆիլմը Արևելյան Եվրոպայում. Ջիվան Ավետիսյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ամերիկյան հայտնի և առաջատար համարվող կաբելային ու արբանյակային հեռուստատեսային ցանցը` Home Box Office (HBO)-ն, որը ներառված է աշխարհի ամենախոշոր կոնգլոմերատներից մեկի` Time Warner կորպորացիայի մեջ, կլիցենզավորի «Վերջին բնակիչը» ֆիլմը` այն վաճառելու համար: Այս առումով, «Արցախպրես»-ի թղթակցին հաջողվել է ունենալ բացառիկ զրույց ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հետ:

 - Պարոն Ավետիսյան, ինչպե՞ս եք ստացել առաջարկը և ո՞ր երկրներում է ցուցադրվելու «Վերջին բնակիչը»` ըստ այդ առաջարկի:

- Ամերիկյան հայտնի՝ պրեմիում դասի խոշոր հեռուստատեսային ցանց հանդիսացող HBO-ը «Վերջին բնակիչը» ֆիլմի համաշխարհային վաճառքի գործակալ ավստրալական «Galloping Films» ընկերությանն առաջարկել է մեր ֆիլմը լիցենզավորել և վաճառել՝  HBO-ի արևելյան երկրներում, այդ թվում՝ Լեհաստանում, Ռումինիայում, Բուլղարիայում, Մոլդովայում, Մակեդոնիայում և այլն։  Ինչպես տեղյակ եք, այս հեռուստատեսային ցանցը համարվում է առաջատարներից ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև` ողջ աշխարհում։ Այսօր, նրա պրոդուկտները մեծ ռեկորդներ են սահմանում, և, իսկապես, մեծ հաջողություն է  մեզ համար այն, որ Արցախի մասին պատմող  «Վերջին բնակիչը» ֆիլմն այսօր արդեն այդպիսի մակարդակով տարածում է գտնում եվրոպական մի շարք երկրներում։ 

 - Կա՞ արդեն պայմանավորվածություն, թե երբ են նախատեսվում ցուցադությունները:

- Նրանց հետ մենք այժմ համաձայնագրի կնքման փուլում ենք և առաջիկայում պետք է որոշենք ֆիլմի ցուցադրությունների ժամանակացույցը։ Այդ տեղեկատվությունն իր ժամանակին կհրապարակենք (բազմանշանակ ժպտում է):

- Պարոն Ավետիսյան, Time Warner-ի խոշոր ընկերություններն են թե՛ HBO-ն, թե՛ Time Inc.-ը, Warner Bros. Entertainment-ը, Time Warner Cable-ը, CNN-ը, Turner Broadcasting System-ը, The CW Television Network-ը: Ի՞նչ եք կարծում՝ այս ընկերությունների կողքին՝ նույն հարթության վրա գտնվելով՝ HBO-ը ի՞նչ դռներ կբացի ֆիլմի տարածման, ինչու՞ չէ նաև ֆիլմի` կինոփառատոնների ցանկն ընդլայնելու համար:    

- HBO-ի առաջարկն արդեն իսկ կնպաստի ֆիլմի առաջխաղացմանը։ Արևելյան Եվրոպայի երկրներում ցուցադրվելով՝ այն, իհարկե, մեծ ճանաչում ձեռք կբերի, սակայն, միաժամանակ, ֆիլմի մասնակցությունը միջազգային կինոփառատոններին շարունակում է մնալ մեր կարևորագույն նպատակներից մեկը, որի ուղղությամբ մենք չենք դադարում աշխատել:

- Ձեր առաջին լիամետրաժ ֆիլմը` «Թևանիկ»-ը  դարձավ այն կարևոր հիմնասյունը, և, թույլ տվեք ասել, այցեքարտը` Արցախը միջազգային ասպարեզում կինոյի լեզվով ներկայացնելու համար, որի հաջողություններն արդեն իսկ իմ նշածի հաստատումն են: Երկրորդ լիամետրաժը` «Վերջին բնակիչը», հայ հանդիսատեսի մոտ առաջին հայացքից  մտահոգության, գուցե երկմտանքի առիթ տվեց, սակայն, նրա հաջողությունները, կարծես, գերազանցում են նախորդին: Դուք ի սկզբանե ակնկալու՞մ էիք նման հաջողություններ:

- Յուրաքանչյուր հաջորդը պետք է գերազանցի նախորդին, և զարմանալի չէ, որ «Վերջին բնակիչը» գերազանցում է բոլորի սպասելիքները: Ֆիլմը ստեղծելու պահից` ես հավատացել եմ նրա հաջողություններին, իսկ մեծագույն հավատով ստեղծված գործերը` կլինի ֆիլմ, կտավ, երաժշտություն, թե քանդակ, վստահաբար, մեծ ճանաչում է ունենում: Ես երջանիկ եմ, որ «Թևանիկ»-ը ճանապարհ հարթեց «Վերջին բնակիչը» ֆիլմի համար, որն էլ, այսօր ահա, շարունակում է իր հաղթարշավը:

- Կաննի 69-րդ միջազգային կինոշուկա, Ոսկե գլոբուս 74-րդ մրցանակաբաշխություն, Շանհայի, Վենետիկի, Սկանդինավյան երկրների, Տորոնտոյի միջազգային կինոփառատոններ, հեղինակավոր մրցանակներ, ինչպես նաև` Լիբանան, ԱՄՆ, Ռուսաստան, Իրան, Հոլանդիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Կանադա, ԻտալիաՊատկառելի աշխարհագրություն է. ցուցադրությունների հաջորդ կանգառը որտե՞ղ է նախատեսվում:

- Մենք անընդհատ աշխատում ենք նոր ցուցադրությունների ուղղությամբ, և, վստահ եմ, որ այդ երկրների ու կինոփառատոնների աշխարհագրությունը դեռ զգալիորեն ընդլայնվելու է: Այս պահի դրությամբ նախատեսում ենք ֆիլմը ցուցադրել ԱՄՆ-ի մի շարք այլ քաղաքներում, եվրոպական տարբեր երկրներում, այդ թվում` Անգլիայում, Հունաստանում, Լիտվայում և այլն:

- Վենետիկի ցուցադրությունից հետո Ադրբեջանական կողմը մեծ ալիք բաձրացրեց: Ենթադրաբար, մեր հարևանները կարձագանքեն նաև այժմ` կաբելային ու արբանյակային առաջին վճարովի, ԱՄՆ-ում 45 տարվա հսկայական ներդրում ունեցող հեռուստատեսության կողմից` Ձեր ֆիլմի լիցենզավորման առաջարկից հետո: Ի՞նչ եք կարծում՝ ադրբեջանական ջղաձգումները դժվարացնու՞մ են ֆիլմի առաջխաղացման աշխատանքները:

- Մենք ամուր ենք մեր հողի վրա, կրկնակի ամուր ենք` մեր երկիրը օտարի հողի վրա ներկայացնելիս: Անշուշտ, նախքան այս ֆիլմն արարելը մտածել եմ այդ մասին, չէ՞ որ ադրբեջանական կողմը հիստերիայի ալիք էր բարձրացրել նաև «Թևանիկ» ֆիլմի ժամանակ: Արցախի ճանաչման հասնելը հեշտ գործ չէ, պայքարելով` հավատում եմ, որ մի օր կհասնենք մեր ցանկալի նպատակին: Իսկ իմ զենքը իմ ֆիլմերն են, պատրաստ եմ գնալ մինչև վերջ:  

 -  Հաճախ եք նշում, որ Ձեր ֆիլմերը ճանապարհ են հարթում մեկը մյուսի համարԻ՞նչ է տալու HBO-ն և առհասարակ` «Վերջին բնակիչը» ֆիլմի հաջողությունները` Ձեր հաջորդ կինոնախագծին:

- Հայկական ֆիլմը, որն, ըստ էության, կոմերցիոն չէ, որին ավելանում է նաև Արցախյան թեման, աներևակայելի դժվար է տարածել աշխարհում: Ընդհանրապես, կոնֆլիկտային թեմա պարունակող ֆիլմերի հնարավորությունները քիչ են, սակայն մեծ ուրախություն է, որ HBO-ի պես առաջատար հեռուստատեսային ցանցը, որն Ամերիկայի տարածքում ունի 8 հեռուստաալիք, ցանկություն է հայտնում ֆիլմը գնել և վաճառել Արևելյան Եվրոպայի երկրներում: Մեծ պատիվ և երջանկություն է Արցախն ու Հայաստանը ներկայացնել աշխարհում` նման եղանակով: Այս հաջողություններն, անշուշտ, մեծ դռներ կբացեն իմ հաջորդ` «Դրախտի դարպասը» ֆիլմի համար, որը նույնպես նախատեսում եմ ստեղծել միջազգային համագործակցության արդյունքում: Սակայն, միևնույն ժամանակ, ես նպատակ ունեմ նաև հայկական կինեմատոգրաֆիայի զարգացումը տեսնել աշխարհում: Իմ ֆիլմերի նմանօրինակ հաջողությունները, վստահ եմ,  ճանապարհ են հարթելու նաև  Հայաստանի և Արցախի երիտասարդության համար: Այս դժվարին ուղին, որը ես անցնում եմ բազում փորձություններով, հավատում եմ, որ նրանց կտրվի ավելի դյուրին:

 - Ձեր ֆիլմերն ավելի հաստատուն քայլերով առաջ տանելու համար, ի՞նչ է անհրաժեշտ՝ HBO-ի պես խոշոր ընկերությունների հետ համագործակցությու՞ն, ցուցադրություննե՞ր, թե՞ հանդիսատեսի ներկայությունն ու սերը:

- Կստեմ, եթե բացառեմ Ձեր նշածներից որևէ մեկը, բայց առավել շատ` իհարկե, մեր  հայրենիքի աջակցությունը, առանց որի ավելի բարդ կլիներ այս պատասխանատու ճանապարհն անցնելը:  

 - Շնորհակալ ենք այս բացառիկ զրույցը մեզ վստահելու համար: Հաջողություններ ենք մաղթում Ձեզ և Ձեր գործունեությանը, ինչպես նաև սպասումով ենք լցված դեպի HBO-ի առաջարկն ու իրականացումը:

- Շնորհակալ եմ: Եկեք ուղակի հավատանք և շարունակենք աշխատել, դա է, ըստ իս, հաջողության հասնելու թիվ մեկ բանալին:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

ՀայՓոստ նշած բոլոր շահառուների դրամական աջակցության փոխանցումները կատարվել են. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Համայնքի տարածքում բացօթյա առևտրի թույլտվության համար սահմանվել է օրական 100-350 դրամի չափով տեղական տուրք

Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին․ «Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»

Search