Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 17:00-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում կկայանա «Արցախյան երիտասարդ և մանուկ կարպետագործներ» ծրագրի շրջանակում գործած կարպետների ցուցահանդեսը:
Կկայանա արցախյան երիտասարդ և մանուկ կարպետագործների առաջին ցուցահանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շուշիի «Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատոր, ծրագրի ղեկավար Մարիամ Անդրեասյանն ասել է, որ նախաձեռնության մեկնարկը տրվել էր ընթացիկ տարվա հուլիսի 1-ին և ավարտվել նոյեմբերի 30-ին:
«Մեր նպատակն է Շուշիի և Արցախի մյուս շրջանների պատանիներին տրամադրել արվեստին հաղորդակից լինելու հնարավորություն, ինչն իր հերթին կնպաստի կարպետագործության զարգացմանը»,- նշել է Մ. Անդրեասյանը և ավելացրել, որ 5 ամսվա ընթացքում ավելի քան 80 մասնակիցներ գործել են 10 կարպետ:
Մեր զրուցակիցն ընդգծեց, որ ծրագիրն իրականացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում, ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրով։