Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կարևորում է Եվրոպական Միության հետ կնքված համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ձևակերպումները:
Արմեն Աշոտյանը կարևորում է ԵՄ-ի հետ համաձայնագրում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ձևակերպումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն Աշոտյանն ընդգծեց, որ համաձայնագրում Եվրամիության կողմից ամրագրվել է Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններին ամբողջությամբ համապատասխան մի բանաձև, ըստ որի հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ ճանապարհով ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա:
«Հակամարտության կարգավորման այն սկզբունքների եռյակը` տարածքային ամբողջականություն, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառում և ինքնորոշման իրավունք, որոնք առաջարկում են Մինսկի խմբի համանախագահները և որոնց դեմ տարիներ շարունակ պայքարել է Ադրբեջանը, ֆիքսվել են Եվրոպական Միության և Հայաստանի միջև ստորագրված համաձայնագրում, ինչը շատ կարևոր է»,- նշեց Արմեն Աշոտյանը:
Նա նկատեց, որ 2017թ. շփման գծում լարված իրավիճակ էր, սակայն Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո լարվածության որոշակի թուլացում է նկատվում: Արմեն Աշոտյանը լարվածության թուլացումը չի կապում Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներով կամ որևէ ինստիտուցիոնալ հիմքերի հետ: Նրա խոսքով` դա կարող ենք կապել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության «բարի կամքի» կամ անձնական որոշման հետ: «Եթե լարվածության թուլացումը կարող է լինել անձնական որոշման կամ «բարի կամքի» հետևանք, շատ հանգիստ կարող են լինել նոր սրացումներ նույն անձնական որոշման պատճառով, որի ականատեսը շատ ենք եղել»,- ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:
Այս առումով նա կարևորեց Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման համար և միջադեպերի հետաքննության համար ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծումը: Նրա խոսքով` «բարի կամքը» կարևոր է, բայց այն պետք է դրսևորվի նաև նախապես ստանձնած պարտավորությունների կատարման քաղաքական որոշման մեջ: