Երևանում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող և Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների միջև դեկտեմբերի 26-ին վավերացվեց 2007 թվականից սկիզբ դրված համագործակցության՝ 2018 թվականին նախատեսված համատեղ աշխատանքային ծրագիրը:
Արցախի և Հայաստանի կարգավորող մարմինները վավերացրին համագործակցության 2018 թվականի ծրագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի համատեղ աշխատանքային ծրագրի հիմքում կրկին դրվել են կարգավորման գործընթացի առաջնահերթ խնդիրները, որոնց հաղթահարումը, ըստ կողմերի, նոր մակարդակի նշաձողեր կարող է դառնալ երկու հանրապետությունների համանուն հանձնաժողովների գործունեության մեջ: Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը նախ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ապա նշեց, որ ստորագրված փաստաթուղթը կարևոր է՝ համագործակցությունն ամրապնդելու համար: «Տասը տարի առաջ այստեղ ստորագրվեց ու հիմք դրվեց համագործակցության, այսօր թարմացնում ենք մեր աշխատանքները հաջորդ տարիների համար: Պայմանավորվածության համաձայն՝ ամփոփիչ արդյունքները կներկայացնենք արդեն Արցախում»,-ասաց արցախցի պաշտոնյան: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ հավելեց, որ այս տարիների ընթացքում ակտիվորեն փոխանակվել են փորձով ու բարեկամացել: «Ես կուզենայի արցախցի մեր գործընկերներին, ովքեր արդյունավետ համագործակցել են մեզ հետ, մեր կողմից գնահատանքի արժանացնել: Ցանկանում ենք 12 անդամի պարգևատրել շնորհակալագրերով, որոնք մեր կառույցի ամենաբարձր պարգևն են»,-նշեց Ռոբերտ Նազարյանը: Հոբելյանական տասը տարվա ընթացքում հանձնաժողովների միջև կնքվել են համագործակցության համաձայնագրեր, որոնց հիման վրա յուրաքանչյուր տարի կազմվել են աշխատանքային ծրագրեր։ Հանձնաժողովները պարբերաբար տեղեկատվություններ են փոխանակել կարգավորման գործառույթների և կարգավորվող ոլորտների վերաբերյալ: Փորձի փոխանակման նպատակով կազմակերպվել են հանձնաժողովների անդամների և աշխատակազմերի ներկայացուցիչների հանդիպումներ և սեմինար խորհրդակցություններ։ Շարունակվող համագործակցության շրջանակներում իրականացվել են մի շարք միջոցառումներ և աշխատանքներ՝ ուղղված Արցախի Հանրապետության հանրային ծառայությունների ոլորտում պետական կարգավորման ինստիտուտի կայացմանը, կարգավորման քաղաքականության իրականացման բնագավառներում փորձի փոխանակմանը, օրենսդրական, իրավական ակտերի մշակմանը ու կիրառմանը, ինչպես նաև երկու հանձնաժողովների համագործակցության ամրապնդմանը։