Արցախում շփման գծում հունվարի 7-ին, զոհված 19-ամյա Վաչե Չիլինգարյանը հակառակորդի դիպուկահարի կրակոցի արդյունքում է զոհվել:
19-ամյա Վաչե Չիլինգարյանը զոհվել է դիպուկահարի կրակոցից. կա նաեւ երկու վիրավոր. Մովսես Հակոբյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, փոխանցում է news.am-ը:
Նա նշեց, որ ժամկետային զինծառայողը ոչ մի խախտում թույլ չի տվել եւ դիպուկահարի կրակոցի արդյունքում է մահացել: Մովսես Հակոբյանի խոսքով, կա նաեւ երկու վիրավոր, որոնք թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել, վիճակները բավարար է: Նա նշեց, որ այս պահին շփման գծում իրավիճակը հանգիստ է:
Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հունվարի 7-ին ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 19-ամյա Վաչե Չիլինգարյանը: