Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի նախաձեռնությամբ մայրաքաղաքում կայացել է ԱՀ արվեստի վաստակավոր գործիչ, մանկավարժ, դաշնակահարուհի Բելլա Փարսադանյանի 80-ամյակին նվիրված միջոցառում:
Ստեփանակերտում տեղի է ունեցել դաշնակահարուհի Բելլա Փարսադանյանի 80-ամյակին նվիրված միջոցառում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը շնորհավորական խոսքով հանդես է եկել ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, ով մասնավորապես ասել է.
«Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի կեսդարյա տարեգրությունն անհնար է պատկերացնել առանց մանկավարժ-դաշնակահարուհի Բ. Փարսադանյանի: Այս տարիների ընթացքում դուք սերունդներ եք կրթել ու դաստիարակել. նրանցից շատերը ոչ միայն ձեզանից մասնագիտական գիտելիքներ են ձեռք բերել, այլև տարվել են Ձեր անձնական մարդկային գեղեցիկ որակներով՝ բարությամբ, սրտացավությամբ, ազնվությամբ, նվիրվածությամբ և արվեստի ու հայրենիքի հանդեպ մեծ սիրով»:
Իսկ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի տնօրեն Կարինե Դադամյանը, իրենց կոլեկտիվի անունից շնորհավորելով հոբելյարի 80-ամյակը, իր խոսքում նշել է.«Ուզում եմ, որ դուք շարունակեք մնալ այնպիսին, ինչպիսին մենք Ձեզ ճանաչում ենք: Դուք Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում պատրաստել եք լավ մանկավարժներ, մասնագետներ, այդ թվում նաև ինձ: Դուք, իրոք, արժանի եք գնահատանքի ու մեծարանքի, որովհետև Արցախի երաժշտական կյանքում Ձեր ունեցած ներդրումը և վաստակը ծանրակշիռ է»:
Երեկոյի ընթացքում Արցախի կամերային նվագախմբի հիմնադիր և գլխավոր դիրիժոր,
ԱՀ ժողովրդական արտիստ Գևորգ Մուրադյանը ևս շնորհավորել է հոբելյարին և ասել,
որ Բ. Փարսադանյանը մարդկային այն տեսակն է,
ում Աստված պարգևել է հայրենասիրություն, պրոֆեսիոնալիզմ և մեծ մանկավարժի կոչում:
Երեկոյի վերջում Բ. Փարսադանյանը շնորհակալություն է հայտնել բոլորին իր հասցեին հնչված ջերմ ու անկեղծ խոսքերի համար:
«57 տարի է, ինչ աշխատում եմ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում: Միշտ էլ մեծ սիրով ու պատասխանատվությամբ եմ կատարել աշխատանքս: Երաժշտությունն ինձ համար ի վերուստ տրված մի պարգև է, որին կոչված եմ եղել ես և ունեցել առաքելություն այն փոխանցելու սերունդներին»,- ըստ էության նշել է Բ. Փարսադանյանը:
Շնորհավորանքներով հանդես են եկել նաև Բ. Փարսադանյանի մտերիմ մարդիկ, երաժիշտ- գործընկերներ:
Բ. Փարսադանյանին նվիրված երեկոն ուղեկցվում էր երաժշտական կատարումներով:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, ԱԺ պատգամավորներ, հոբելյարի հարազատներ, երաժիշտներ, ուսանողներ և այլք: