Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հունվարի 12-ին կայացած ասուլիսում հայտնել է, որ Արցախը ներկայացրել է չճանաչված երկրների ֆուտբոլի աշխարհի առաջնություն անցկացնելու հայտ:
Արցախը ներկայացրել է չճանաչված երկրների աշխարհի առաջնություն անցկացնելու հայտ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Եթե հիշում եք, Արցախը մասնակցել է այդ մրցաշարին: Ներկայումս Արցախը հայտ է ներկայացրել չճանաչված երկրների աշխարհի առաջնությունը Ստեփանակերտում անցկացնելու: Բոլոր թիմերին հրավիրել են: Ստեփանակերտում ստադիոնը պատրաստ է, և այդ առաջնությունը կարող են անցկացնել Արցախում»,- ասել է ՀՖՖ նախագահը:
Ռ. Հայրապետյանի խոսքով՝ ՖԻՖԱ-ի մոտեցումը Արցախի նկատմամբ անարդար է, քանի որ արցախյան թիմերը զրկված են որեւէ առաջնության մասնակցելու հնարավորությունից: «Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան եւ ՀՖՖ-ն ամենօրյա հետեւողական աշխատանք են տանում։ Հայաստանի ֆեդերացիայի աջակցությամբ՝ Արցախում ենթակառուցվածքներ են ստեղծվում, եւ նպատակ կա ստեղծել Արցախի թեկուզ փոքր առաջնություն։ Ինչպես գիտեք, Արցախի պատանեկան թիմերը մասնակցում են Հայաստանի առաջնություններին։ Մեր նպատակն է գոնե մեկ-երկու տարիքային առաջնություն ստեղծել Արցախում եւ անցնել հետագա քայլերին»,- ավելացրել է ՀՖՖ նախագահը եւ ավելացրել, որ իր ուժերի սահմանում ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանի Բարձրագույն խմբի թիմերից մեկը լինի Արցախից: