Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ հունվարի 17-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստ կգումարվի:
Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը կքննարկի արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Նիստի ընթացքում քննարկվելու են ներքին և արտաքին քաղաքական զարգացումները: Կարևորագույն հարցերից է լինելու ռազմական հեղաշրջման տապալված փորձից հետո երկրում հայտարարված արտակարգ դրությունը 6-րդ անգամ երկարաձգելու հարցը: Թուրքիայում առաջին անգամ արտակարգ դրություն է հայտարարվել 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո` հուլիսի 21-ին: 90 օր շարունակվող արտակարգ դրությունը Ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ հետագայում երկարաձգվել էր ևս 5 անգամ: Հայտարարված արտակարգ դրության ժամկետը ավարտվում է հունվարի 19-ին: Իշխանություններն արտակարգ դրության անհրաժեշտությունը պայմանավորում են ահաբեկչական խմբավորումների հետ պայքարելու հրամայականով: