Կամերինոյի համալսարանի իտալացի երկրաբանները անօդաչու սարքի վրա ամրացված գերզգայուն ջերմատեսախցիկի օգնությամբ Սիցիլիայում հայտնաբերել են 2700 տարվա հնության Սելինունտ անտիկ քաղաքի ավերակները:
Սիցիլիայում 2700 տարվա հնության քաղաքի ավերակներ են հայտնաբերվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հաղորդում է News.am-ն՝ վկայակոչելով Corriere del Mezzogiorno պարբերականը:
«Անօդաչու սարքի վրա ամրացված գերզգայուն ջերմատեսախցիկի օգնությամբ Կամերինոյի համալսարանի երկրաբանները գետնի տակ գտնվող հնագիտական պեղումների տարածքում մի քանի խոշոր ստորգետնյա շինությունների կապված ջերմային անոմալիաներ են հայտնաբերել, որոնք Tempio M տաճարից իջնում են դեպի նավահանգիստ»,- մեջբերում է պարբերականը համալսարանի երկրաբանության եւ հնագիտության գծով խորհրդատու Ֆաբիո Պալոտտային:
Մարկո Մատերաձի համալսարանի գեոմորֆոլոգի խոսքով՝ նկարահանումները մասնագետներին օգնել են հայտնաբերել ջրամատակարարման հնագույն՝ 2700 տարեկան համակարգը: «Սա մեզ թույլ տվեց վերականգնել գետի հնագույն ափամերձ գիծը եւ հայտնաբերել այս տարածքի բնակիչների գործունեության բազմաթիվ հետքեր»,- նշել է փորձագետը:
Տեղանքի ուսումնասիրության ընթացքում իտալացի մասնագետները հայտնաբերել են նաեւ հին հունական դիցաբանության լուսնի լույսի եւ կախարդանքի աստվածուհու՝ Հեկատայի պատկերը: Նրանց հաջողվել է նաեւ «մասամբ վերակառուցել Tempio Y տաճարի արտաքին տեսքը»: