Եվրոպայի խորհրդի օրակարգում է հայտնվել թուրքերենը ԵԽ աշխատանքային լեզուների ցանկից հեռացնելու հարցը:
Թուրքերենը կարող է հեռացվել Եվրոպայի խորհրդի աշխատանքային լեզուների ցանկից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին, հայտնում է թուրքական Diken պարբերականը: Վերջին շրջանում Թուրքիայի և ԵԽ-ի հարաբերությունների լարման ֆոնին Թուրքիան չի գտնվում ԵԽ «մեծ դոնորների» ցանկում: Թուրքիայի կողմից ԵԽ-ին կատարվող նվիրատվությունների նվազեցումից հետո քայլեր են ձեռնարկվում թուրքերենը ԵԽ աշխատանքային լեզուների ցանկից հեռացնելու ուղղությամբ: Այս թեմայով պատրաստված զեկույցը քվեարկության է դրվելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) և, երկկողմ հարաբերություններում առկա բացերը հաշվի առնելով, հավանաբար այն կհաստատվի: ԵԽ-Թուրքիա հարաբերութկունները սկսել են լարվել 2016թ-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտի վատթարացման հետևանքով: ԵԽ-ն հատկապես կոշտ էր արձագանքել Թուրքիայում մահապատժի վերականգնման վերաբերյալ իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրված քննարկումներին: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի խոսնակ Դանիել Հյոլթգենը 2017թ-ի ապրիլին հայտարարել էր, որ եթե Թուրքիան վերականգնի և սկսի կիրառել մահապատիժը, ապա դա կնշանակի այդ երկրի ԵԽ-ին անդամության վերջը: Հյոլթգենը հայտարարել էր, նաև որ Թուրքիային անդամությունից զրկելու համար անհրաժեշտ է 47 անդամ պետություններից 2/3-ի ձայները: «Մահապատժի վերականգնման ուղղությամբ Թուրքիայի կատարած ցանկացած քայլ հետընթաց կլինի Եվրոպայի հետ հարաբերությունների տեսանկյունից»,- ասել էր ԵԽ պաշտոնյան: