Հունվարի 19-ին՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի նախաձեռնությամբ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և «Awesome Foundation Yerevan»-ի հովանավորությամբ Մարտունու շրջանի Նորշեն համայնքի Լեոնիդ Հուրունցի անվան դպրոցում տեղի է ունեցել «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողություն:
Նորշենում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԻՏՁՄ ինժեներական լաբորատորիաների ծրագրի համակարգող Սեդրակ Վարդանյանն ասել է, որ նմանատիպ բացառիկ լաբորատորիաները ՀՀ-ի դպրոցների միայն 17 տոկոսում են գործում:
«Դպրոցներում նորարարական լաբորատորիաները շատ կարևոր են ՏՏ ոլորտի զարգացման համար: Դրանք երեխաներին հնարավորություն կտան մասնագիտական կողմնորոշման, ինչպես նաև ժամանակակից աշխարհում դառնալու մրցունակ մասնագետներ և իրենց ստացած տեխնոլոգիական գիտելիքներն օգտագործելու՝ ի շահ իրենց հայրենիքի»,- նշել է Ս. Վարդանյանը և հույս հայտնել, որ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում Արցախի մնացած դպրոցներում ևս կբացվեն նման լաբորատորիաներ:
Միջոցառմանը ներկա ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը կարևորել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացումը Նորշենի դպրոցում, որը աշակերտների համար լավ միջոց է՝ ինժեներական մտքի զարգացման և նոր ծրագրերի ու գաղափարների իրականացման համար:
««Դասավանդի՛ր, Հայաստան»-ի նախաձեռնության միջոցով այսօր մենք ականատեսն ենք դառնում, թե ինչպես մեկ նվիրյալ ուսուցիչը դպրոցում կարողանում է մտածելակերպ փոխել: Այս լաբորատորիայի ստեղծումը այդ առումով կարևոր դեր է ունենալու համայնքի և հարակից գյուղերի երեխաների համար: Այս կրթական միջոցառումը նաև լավ հարթակ կհանդիսանա ոլորտի ներկայացուցիչների միջև համագործակցության նոր կապերի հաստատման, նորարական գաղափարների ստեղծման և փորձի փոխանակման համար»,- մասնավորապես ասել է Ն. Աղաբալյանը և տեղեկացրել, որ նախարարությունը հետևողական է լինելու նման նախաձեռնություններին նորերն ավելացնելու գործում:
«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակից, Նորշենի նորաբաց «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի խմբակավար Արա Հարությունյանը մեզ հետ զրույցում ասել է, որ Երևանից 2 տարով գործուղվել է Արցախ՝ որպես ֆիզիկայի ուսուցիչ, և առաջին նախաձեռնություններից մեկը դպրոցում եղել է «ՆորՇենԼաբ» մեթոդական լաբորատորիայի բացումը:
«Այն խաղային մեթոդների և թափանցիկ գնահատման համակարգի շնորհիվ ակտիվություն է մտցնում դասավանդման պրոցեսում, որի նպատակն է նաև դպրոցի աշակերտների համար փոքրիկ գիտական բիզնես դարձնել: Մասնավորապես, առկա ծրագրերը աշակերտների հետ կփորձեն կատարելագործել և դրանք վաճառել այլ կրթական հաստատությունների»,- ավելացրել է Ա. Հարությունյանը:
Լաբորատորիայի բացմանը ներկա էին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ԻՏՁՄ ներկայացուցիչներ, ԿԳՍ նախարարության աշխատակիցներ, նորշենցիներ, դպրոցականներ, հյուրեր: