Մենք փաստահավաք առաքելությամբ ենք եկել Արցախ եւ շատ շնորհակալ ենք նախագահ Բակո Սահակյանին, ով մեր առաքելությունն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ է ստեղծել:
Արցախում ենք փաստահավաք առաքելությամբ. Եվրախորհրդարանի պատգամավոր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ‹‹Արցախպրես››-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Ադակտուսոնը՝ նշելով, որ իրենք շատ հետաքրքիր հանդիպում են ունեցել ԱՀ նախագահի հետ եւ հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերի շուրջ մանրամասն խոսելու, հասկանալու, թե ինչ զարգացումներ կան Արցախում:
‹‹Ես այստեղ եմ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի հրավերով: Այս կազմակերպությունը շատ ակտիվ ու կարևոր գործունեություն է ծավալում Բրյուսելում, և մենք արդյունավետ համագործակցություն ունենք նրանց հետ››,- տեղեկացրել է Եվրախորհրդարանի պատգամավորը եւ մանրամասնել, որ հունվարի 26-ին հագեցած օրակարգ ունեն Արցախում, որպեսզի հասցնեն այցի ընթացքում հավաքագրել իրենց անհրաժեշտ տեղեկությունները:
Նշենք, որ այսօր՝ հունվարի 25-ին, Արցախ է ժամանել Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Ադակտուսոնի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին ընդունել է Նախագահ Բակո Սահակյանը: Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախում շահագրգռված են Եվրոպական խորհրդարանի եւ եվրոպական այլ կառույցների հետ հարաբերությունների խորացմամբ ու ընդլայնմամբ՝ հավելելով, որ դա հանդիսանում է Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը: