ԱՀ պաշտանության բանակին առընթեր կանանց խորհրդի անդամները, Հայոց բանակի կազմավորման տոնին ընդառաջ, երեկ՝ հունվարի 25-ին, հերթական անգամ այցելել են դիրքեր՝ եղել N զորամասում:
ԱՀ ՊԲ-ին առընթեր կանանց խորհուրդի անդամներն այցելել են դիրքեր (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այցի ընթացքում խորհրդի անդամները զորամասում և դիրքերում հանդիպել, զրուցել և ճաշել են զինվորների ու սպաների հետ:
Կանանց խորհրդի անդամները զինվորներին են հանձնել Ստեփանակերտի Խաչատուր Աբավյանի անվան N1 հիմնական դպրոցի աշակերտների ձեռքով պատրաստած ծանրոցները:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում կանանց խորհրդի նախագահ Ռոմելա Դադայանն ասել է, որ իրենք տարուց ավելի է, ինչ սկսել են լուրջ ու պատասխանատու աշխատանք իրականացնել՝ այցելելով զորամասեր, շփվելով զինվորների ու սպայական կազմի հետ՝ մոտիկից ծանոթանալով նրանց խնդիրներին ու հուզող հարցերին:
«Բոլորս էլ գիտակցում ենք, որ հայրենիքը սկսում է սահմանից և դրա համար էլ ամեն ինչ անում ենք, որ զինվորը միշտ լինի մեր ուշադրության կենտրոնում. այդ գիտակցումով ենք մենք հաճախակի լինում սահմանամերձ զորամասերում: Մեր առաքելությունը նախ՝ կրում է դաստիարակչական բնույթ, և երկրորդ նման այցելությունները հոգեբանական մեծ ազդեցություն են թողնում զինվորների վրա: Նրանք մեր մեջ տեսնում են իրենց մայրերին, քույրերին, հարազտներին ու մտերիմներին: Մեր հանդիպումների ժամանակ մենք միշտ էլ տարբեր թեմաներով զրույցներ ենք ունենում նրանց հետ: Զինվորակաների հետ մեր զրույցները ջերմ են ու անկեղծ: Կարծում եմ՝ նմանատիպ մեր հանդիպումները շատ դրական ազդեցություն են թողնում նրանց վարքի, միմյանց հետ հարաբերվելու, ինչպես նաև բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում»,-ավելացրել է Ռ. Դադայանը:
Զորամասի անձնակազմի հետ տարվող աշխատանքների (ԱՀՏԱ) գծով տեղակալ, մայոր Արմեն Հովհաննիսյանն իր խոսքով հաստատել է, որ նման հանդիպումները հաճախակի են լինում:
«Միանշանակ այս հանդիպումները մեծ ազդեցություն են ունենում զինվորների դաստիարակության, կարգապահության, հայրենասիրության վեհ գործում: Մեր զինվորները սիրով են սպասում նման այցերի: Նրանք գիտակցում են, որ հասարակությունը շատ ուշադիր է իրենց նկատմամբ, հպարտ է իրենցով, և իրենք էլ ձգտում են արժանի հայրենյաց պաշտպաններ լինել»,-հավելել է Ա. Հովհաննիսյանը:
Այցի վերջում զինվորներն ու սպայական կազմը շնորհակալություն են հայտնել կանանց խորհրդի անդամներին՝ կրկին հանդիպելու ակնկալիքներով: