ԱՀ կառավարության ֆինանսավորմամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ տեխնիկապես վերազինվել է Արցախի Հանրային հեռուստատեսությունը, որի սարքավորումները ձեռք են բերվել և Արցախ հասցվել ԱՄՆ-ից:
Արցախի հեռուստատեսությունն անցել է թվային հեռարձակման

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանն ասել է, որ «Պանարմենիան Մեդիա Գրուպի» տեխնիկական թիմի նախագծով և աջակցությամբ հանրային հեռուստաընկերությունն անցել է թվային հեռարձակման:
««Պանարմենիան Մեդիա Գրուպի» տեխնիկական թիմը պատրաստել ու կյանքի է կոչել Արցախի Հանրային հեռուստաընկերության տեխնիկական վերազինման նախագիծը, որի շնորհիվ հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակվում թվային՝ HD որակով: Խորին շնորհակալություն հայտնելով տեխնիկական թիմին՝ նշեմ, որ բավականին մեծ աշխատանք է տարվել. և՛ Արցախի հեռուստաընկերության տեխնիկական վերազինման աշխատանքները, և՛ անալոգային SD ֆորմատից թվային HD ֆորմատի անցնելը հեռուստաընկերությունը դարձրել է ավելի մրցունակ ու մի քանի քայլ առաջ՝ մյուս՝ անգամ երևանյան հեռուստաալիքներից:
Անդրադառնալով եթերաժամի ավելացմանը՝ Նորեկ Գասպարյանը նշել է, որ դա կապված է ֆինանսական աղբյուրների հետ:
«Ընթացիկ տարվա հունիսի մեկին լրանում է հեռուստատեսության 30-ամյակը: Սկզբնական շրջանում եթերաժամը կազմում էր կես ժամ և հեռարձակվում էր շաբաթական երեք անգամ, ապա դարձավ վեց անգամ. ժամանակի ընթացքում պարբերաբար եթերաժամը ևս ավելացավ»,- ասել է Ն. Գասպարյանը:
Արցախի հանրային հեռուստաընկերության արտագնա տեխնիկական տեսախցիկների պարկը ևս վերազինվել է, մասնավորապես՝ HD ֆորմատով են նկարահանվում թե՛ լուրերը, թե՛ այլ հաղորդումներ, ինչպես նաև վերազինվել է տաղավարի տեխնիկան: Մանկական ծրագրերը, ուղիղ եթերը հեռարձակվում են HD որակով:
Դրանից բացի վերազինվել է եթեր հեռարձակող տեխնիկան: Ստեղծվել է նաև հեռուստատեսային շարժական կայան, որն այսուհետ հնարավորություն կտա տարբեր վայրերում իրականացնել նկարահանումներ՝ ինչպես համերգների, շքերթների նկարահանում, այնպես էլ ուղիղ հեռարձակումների ապահովում՝ միանգամից 8 տեսախցիկներով: