«Չեմ կարծում, որ Ադրբեջանն այն երկիրն է, որի համար կարևոր են ընտրությունները»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանում 6 ամիս շուտ տեղի ունենալիք նախագահական ընտրություններից հետո, արդյոք, սպասվո՞ւմ է բանակցությունների ակտիվացում ղարաբաղյան հակամարտության շուրջ:
Ադրբեջանում ընտրությունների ժամկետն առաջ բերելը կկապեի իրենց ներկլանային հարաբերությունների հետ. Շավարշ Քոչարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փոխնախարարի խոսքերով՝ Ադրբեջանում ընտրությունների արդյունքները միշտ կանխորոշված են: «Գիտենք ինչպես են այնտեղ ընտրությունները կազմակերպվում, այնպես որ, ես ընտրությունների ժամկետն առաջ բերելն առաջին հերթին կկապեի իրենց ներկլանային հարաբերությունների հետ: Իհարկե, հաշվի են առնվում նաև արտաքին գործոնները, և եթե կա իշխանության համար ներքին պայքար իշխանության համար, ապա ցանկացած տեղեկատվություն այն մասին, որ այդ ներքին պայքարում հակառակ կողմը կարող է ունենալ որոշակի աջակցություն այլ պետությունների կողմից, բնական է, դա էլ իր ազդեցությունն է թողնում»,- նշեց Շավարշ Քոչարյանը, հայտնում է panorama.am-ը:
Անդրադառմալով Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցին՝ փոխարտգործնախարարը նշեց, որ ընդհանուր առմամբ մեկ բան կարող են ասել՝ համանախագահների կողմից տարվող ընդհանուր գիծը մնում է անփոփոխ, այսինքն՝ բանակցություններում առաջընթացի համար անհրաժեշտ է վստահության մթնոլորտի ձևավորում, իսկ դրա համար պետք է համապատասխան համաձայնություններ կյանքի կոչել:
«Այդ առումով այս պահին փոքր քայլ կարող ենք արձանագրել՝ հակառակորդի համաձայնությունը՝ մոնիթորինգային մշտադիտարկման խմբի թվաքանակն ավելացնելու մասին: Բայց այդ որոշումը դեռ կյանքի չի կոչվել»,- ընդգծեց Շավարշ Քոչարյանը: