Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Շոֆերը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին փետրվարի 7-ին Բաքվում հանդիպել են նախագահ Իլհամ Ալիեւի, փետրվարի 9-ին Երեւանում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, իսկ փետրվարի 10-ին՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանում ունեցած հանդիպումներից հետո հանդես են եկել հայտարարությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նրանք նաեւ խորհրդակցություններ են անցկացրել արտաքին գործերի նախարարների հետ:
«Համանախագահները դե ֆակտո իշխանությունների հետ հանդիպելու նպատակով 9-ից 11-ը նաեւ այցելել են Լեռնային Ղարաբաղ: Նրանք այցելել են Կովսական, Սանասար, Ակնա, Բերձոր եւ Քարվաճառ:
Համանախագահներն ընդգծել են 2017 թվականի հոկտեմբերին Ժնեւի, ինչպես նաեւ նախորդ գագաթնաժողովների, մասնավորապես՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում, ընթացքում կողմերի ստանձնած բոլոր պարտավորությունների բարեխղճորեն կատարման կարեւորությունը»,- նշվում է հայտարարության մեջ:
Միջնորդները խորը մտահոգություն են հայտնել շփման գծում վերջին զոհի կապակցությամբ եւ կոչ արել կողմերին լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածության նվազեցման եւ հրադադարի պահպանման համար, ինչպես համաձայնեցվել էր Ժնեւում:
Միջնորդները նաեւ կոչ են արել կողմերին ձեռնպահ մնալ բորբոքային հայտարարություններից եւ սադրիչ գործողություններից: «Համանախագահները կրկին հայտարարում են Հելսինկյան ակտի հիմնական սկզբունքների հիման վրա՝ ներառյալ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը եւ ազգերի ինքնորոշման հավասար իրավունքները, հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար կողմերին օգնելու իրենց պատրաստակամության մասին: Համանախագահները ողջունել են կողմերի՝ ինտենսիվ բանակցությունները շարունակելու մտադրությունը՝ հաշվի առնելով ներկայիս ընտրական շրջանը»,- ասվում է հայտարարության մեջ: