Artsakhpress

Տնտեսական

Արցախն ունի բոլոր հեռանկարները՝ զարգացնելու արևային էներգետիկան. Հայկ Շեկյան

Հայաստանում գործող արևային էներգետիկայի բնագավառում մասնագիտացված «Շտիգեն» ընկերությունը մի շարք ծրագրեր է իրականացրել նաև Արցախում:

Արցախն ունի բոլոր հեռանկարները՝ զարգացնելու արևային էներգետիկան. Հայկ Շեկյան

Արցախն ունի բոլոր հեռանկարները՝ զարգացնելու արևային էներգետիկան. Հայկ Շեկյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախում իրականացվելիք հետագա ծրագրերի շուրջ «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է ընկերության տնօրեն Հայկ Շեկյանի հետ, որը ներկայացնում ենք ստորև:

-Պարո՛ն Շեկյան, Դուք արևային էներգետիկայում մասնագիտացած «Շտիգեն» ընկերության հիմնադիրն եք։ Խնդրում եմ հակիրճ ներկայացնել Ձեր ընկերության գործունեությունը։

-«Շտիգեն»-ն իր գործունեությունը սկսել է 2011 թվականին՝ պարզ արևային ջրատաքացման համակարգերի տեղադրման աշխատանքներով։ Հաջորդ երկու-երեք տարիներին մասնագիտացանք նաև բարդ արևային ջերմային կայանների կառուցման աշխատանքներում։ Այսօր արդեն ունենք բազմաթիվ հյուրանոցային տնտեսություններ և գործարաններ, որոնք իրենց կենցաղային տաք ջրի կարիքները հոգում են մեր համակարգերի միջոցով։ 2016 թվականին Ազգային ժողովն ընդունեց, այսպես կոչված, Net Metering-ի օրենսդրական փաթեթը (արևային էլեկտրակայանի սեփականատերերին հնարավորություն է ընձեռնվում ազգային էլեկտրական ցանցն օգտագործել որպես կուտակիչ և խնայել կուտակիչների վրա արվող ներդրումը-խմբ.), և արևային էլեկտրաէներգիան ավելի հասանելի ու շահավետ դարձավ Հայաստանի քաղաքացիների ու բիզնեսների համար։ Ամեն տարի կրկնապատիկ կամ ավելի աճում էինք, 2017-ին եռակի աճ արձանագրեցինք, իրականացվեցին երկու խոշոր ծրագրեր. տարածաշրջանի խոշորագույն՝ 1,5ՄՎտ պիկային հզորությամբ ջերմային կայանի կառուցումը «Գրանդ Սպորտ» սպորտային համալիրում և 1ՄՎտ դրվածքային հզորությամբ էլեկտրակայանի շինարարությունը Շենիկ համայնքում։ Առաջինն ունի 14520 վակուումային խողովակ և ապահովում է տաք ջրով 2 լողավազան, որոնցից մեկն՝օլիմպիական չափսի, ինչպես նաև օրական 600-800 մարդ ցնցուղ է ընդունում այդ կայանի տաքացրած ջրով: Պատկերացրեք, ամռանն այնտեղ գազի կաթսան աշխատում է առավոտյան ժամը 3-7-ը։ Իսկ Շենիկի արևային էլեկտրակայանը տարեկան արտադրելու է մոտ 1,6ԳՎտ էլեկտրաէներգիա։

-Ի՞նչ գործունեություն եք իրականացնում Արցախում:

 -Արցախը միշտ եղել է իմ պլաններում։ Ինքս ծնունդով արցախցի եմ: Ծնողներս Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղից են։ Եղբորս ու քրոջս հետ դպրոցական արձակուրդները միշտ անց  էի կացնում Չլդրանում՝ տատիկի ու պապիկի հետ: Դա շատ կարևոր նշանակություն է ունեցել իմ անձի ձևավորման գործում։ Արցախն ինձ համար ձգողականության մի յուրահատուկ կենտրոն է: «Շտիգեն»-ի հիմնադրման օրվանից շատ եմ ցանկացել գործունեություն ծավալել Արցախում, նպաստել այնտեղ արևային էներգետիկայի զարգացմանը, բնակչության բարեկեցության ու բիզնեսի մրցունակության աճին: Արցախ եկանք 2017-ի փետրվարին՝ «Լուսավոր Սահման» քաղաքացիական նախագծի հետ («Լուսավոր Սահման» նախագիծը քաղաքացիական նախաձեռնություն է, որի նպատակն է սահմանամերձ համայքների բոլոր ընտանիքներին նվիրել 5-ական լուսադիոդային լամպ և գործնականում կիսել այդ ընտանիքների էլ. էներգիայի ծախսը. ծրագրին կարող է մասնակցել ցանկացած անհատ, Արցախում իրականացվել է Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերում-հեղ.), որի կազմակերպիչներից մեկն եմ: Այդ ժամանակ արևային ջրատաքացուցիչ նվիրաբերեցինք Թալիշ գյուղում բնակվող և հերթապահող գյուղացիներին: 2017-ին Արցախի Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղում մեկ այլ ծրագիր իրագործեցինք։ Ծրագիրը իրականացվում է բարերար Մաքսիմ Աթայանցի միջոցներով, ով գյուղի բնիկների ժառանգ է և մեծ ցանկություն ունի վերականգնելու հայրենի գյուղը։ Նախատեսվում է վերակառուցել 5 տուն, որոնցից յուրաքանչյուրը հագեցած կլինի արևային ջրատաքացման համակարգերով ու արևային էլեկտրակայանով։

-Որպես վերականգնվող էներգետիկայի փորձագետ՝ խնդրում եմ գնահատել Արցախի արևային ռեսուրսը։ Որքանո՞վ է արևային էներգետիկայի զարգացումը հեռանկարային Արցախում:

-Նշեմ, որ արևային էներգետիկայում ամենազարգացած երկրներից մեկը՝ Գերմանիան, մեկ շնչին ընկնող արևային էներգետիկ հզորությամբ առաջին տեղում է՝ մոտ 0,6 կՎտ մեկ մարդու հաշվով: Այնտեղ արևի ճառագայթումը շատ ավելի ցածր է, քան Հայաստանում (Արցախը ներառյալ): Միջինում Արցախի արևային ռեսուրսը մոտ 50%-ով ավելի բարձր է Գերմանիայից։ Նման համեմատության միջոցով կարելի է եզրակացնել, որ Արցախի բնակլիմայական պայմանները նպաստավոր են արևային էներգետիկայի զարգացման համար։ Հաշվի առնելով ոլորտի վերջին զարգացումները՝ վերը նշածս ծրագրերը դրա մի մասն են միայն: Օրենսդրական բարեփոխումները և պահանջարկի ձևավորումն Արցախում արևային էներգետիկայի արագ զարգացման կանխորոշիչներն են։

-«Շտիգեն» ընկերությանն Արցախում գործունեություն ծավալելու համար ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ:

-«Շտիգեն»-ին հատուկ նախապայմաններ կամ որևէ արտոնություն պետք չեն Արցախում գործունեություն ծավալելու համար։ Կան մի շարք օբյեկտիվ խնդիրներ, որոնց լուծումը կխթանի ոլորտի զարգացմանը։ Օրինակ, հիշատակված Net Metering-ի օրենսդրական փաթեթը նոր պետք է ընդունվի Արցախում։ Այդ դեպքում արցախցիները հնարավորություն կստանան իրենց արևային կայանները միացնել էլեկտրացանցին և ցանցն օգտագործել՝ որպես վիրտուալ մարտկոց։ Արդյունքում սեփական արևային էլեկտրակայան ունենալու ծախսը զգալի կնվազի։ Երկրորդը ֆինանսական ռեսուրսների մատչելիությունն է։ Հայտնի պատճառներով Արցախում վարկային միջոցներն այնքան հարմար ու մատչելի չեն: Պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ արևային կայան տեղադրելու արդյունքում օգտագործողի ստացած խնայողությունը լինի մեծ կամ հավասար իր կողմից կատարվող վարկի մարման գումարին։ Սա շատ կարևոր հանգամանք է՝ մարդիկ չպետք է նոր ֆինանսական բեռի տակ մտնեն՝ հանուն արևային էներգետիկայի: Այստեղ մեծ դերակատարություն ունեն Արցախի ներդրումային հիմնադրամը և ֆինանսական կառույցները: Հիմնվելով շփումներիս վրա` պետք է նշեմ, որ վերջիններս ունեն խնդրի ընկալումը և արդյունավետ լուծումներ տալու կամքը: Եվս մի խնդիր՝ մարդկային ռեսուրսի խիստ սղությունը։ «Շտիգեն»-ը միշտ նախընտրում է տեղերում մարդկանց աշխատանք տալ՝ ապահովելով ուսուցում, որակավորում և կայուն հեռանկարային աշխատանք: Արցախում, ցավոք, մարդիկ դեռ թերահավատ են այս հնարավորությունների նկատմամբ: Իմ կարծիքով՝ թերահավատության հիմնական պատճառը նմանատիպ օրինակների սակավությունն է, երբ մարդուն իր տանը-դռանն առաջարկում են հեռանկար, հայ մարդու մեջ տարիներով սերմանվել է, որ լավ կյանքի համար նա պետք է գնա խոպաններ։ Ոչ-ոքի չեմ մեղադրում: Վստահ եմ՝ մի քանի ամսում կապացուցենք հակառակը: Մեզ հարկավոր են շինարարներ, էներգետիկներ, մոնտաժային աշխատանքների մասնագետներ, նախագծերի ղեկավարներ, վաճառքի մենեջերներ։ Եթե ընթերցողների մեջ կլինեն հետաքրքրվողներ, հրավիրում եմ համագործակցության, գրեք info@shtigen.com էլ. հասցեին, ես անձամբ եմ ուսումնասիրում բոլորի թեկնածությունները։

-2018 թվականին ի՞նչ ծրագրեր եք նախատեսում իրականացնել Արցախում:

-Արցախում մեր ծրագրերն, ըստ էության, երկուսն են՝ բնակելի տների և բիզնեսների համար արևային լուծումների տարածում։ Բնակելի տների դեպքում շատ կարևոր ենք համարում հատկապես արևային ջերմային էներգիայի զարգացումը՝ մեր բազմաթիվ արևային համայնքներում՝ Բասենում, Երվանդաշատում, Լուսաշողում, Երազգավորսում, Վերին Բազմաբերդում, շատ ու շատ այլ համայնքերում մեր աչքով ենք տեսել, թե ինչպիսի ազդեցություն է ունենում այդ ոչ թանկ սարքը մարդկանց կայնքի որակի և բարեկեցության վրա։ Ամեն ընտանիք ամսեկան մինչև 15000 դրամ խնայողություն է ունենում, խնայողությունից զատ ունենում է հարմարավետության աճ, անկախություն և այլն։ Ես լավ տեղյակ եմ արցախյան գյուղերում ենթակառուցվածքների վիճակի մասին, խորհրդային տարիներին որևէ լուրջ ներդրում չէր կատարվում այդ ոլորտում, իսկ պատերազմական տարիներին խնդիրն ամբողջությամբ չի լուծվել, նույնիսկ Ստեփանակերտը միայն վերջերս կարողացավ ունենալ մշտական ջրամատակարարում: Ուստի տաք ջուրը գյուղական բնակավայրերում շատ խնդիրներ կլուծի: Արևային էլեկտրական կայաններն էլ ավելի լավ պայմաններ կստեղծեն մարդկանց համար:

Բիզնեսների դեպքում ընտրությունն ավելի անհատական է։ Էլեկտրաէներգիան, իհարկե, պետք է բոլորին՝ թե՛ հացթուխներին, թե՛ խանութպաններին, թե՛ սննդի ու քարի մշակման գործարանատերերին, մի խոսքով՝ բոլորին։ Մինչդեռ տաք ջուրը պետք է գալիս հիմնականում հյուրանոցներին, հյուրատներին, սննդի օբյեկտներին, գյուղմթերք վերամշակող գործարաններին։ Կրկին հնարավորություն է ընձեռնվում տնտեսել էներգետիկ ծախսերի մեծ մասն ու տնտեսված միջոցներն ուղղել արտադրության արդիականացմանն ու ավելի մրցունակ արտադրանք թողարկելուն։ Մեր մասնագետներն անվճար խորհրդատվություն են տրամադրում բոլոր ցանկացողներին: Վաճառքը գերնպատակ չէ: Եթե պարզվի, որ, օրինակ, արևային ջրատաքացուցիչ տեղադրելն արդյունավետ չի լինի, միշտ այդ մասին զգուշացնում ենք հաճախորդին։ Ինձ համար «Շտիգեն»-ի վարկանիշն ավելի թանկ է, քան վաճառքի գործարքը:

Հարցազրույցը՝ Անի Ավանեսյանի


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search