Artsakhpress

Քաղաքական

Անկարան ականջալուր չեղավ Հայաստանի և միջազգային հանրության կոչերին. Նախարար Նալբանդյանի ելույթը ԱԱԽ նիստում

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստում:

Անկարան ականջալուր չեղավ Հայաստանի և միջազգային հանրության կոչերին. Նախարար Նալբանդյանի ելույթը ԱԱԽ նիստում

Անկարան ականջալուր չեղավ Հայաստանի և միջազգային հանրության կոչերին. Նախարար Նալբանդյանի ելույթը ԱԱԽ նիստում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախարարի խոսքում նշվում է.

«Մեծարգո´ պարոն Նախագահ, 
Անվտանգության խորհրդի հարգելի´ անդամներ,

Անկախությունից ի վեր Հայաստանը փորձել է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ Սակայն, հայ-թուրքական հարաբերությունները շարունակում էին փակուղում մնալ, երբ Հանրապետության Նախագահը 2008թ.-ին նախաձեռնեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Դրա հիմքում ընկած էր առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումը:

Թուրքական կողմի հետ հենց այս` առանց նախապայմանների կարգավորման, ընդհանուր փոխըմբռնմամբ մենք սկսեցինք, վարեցինք բանակցությունները, որոնց արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները:

Բանակցությունների ամբողջ ընթացքում մենք զգացել ենք միջազգային հանրության անվերապահ աջակցությունը, որը մեծ կարևորություն տալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ դիտարկում էր Հայաստանի այս քայլը որպես իմաստուն նախաձեռնություն: Ասվածի վկայությունն է արձանագրությունների ստորագրման արարողությանը Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաև Եվրոպական Միության Բարձր հանձնակատարի, Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահի ներկայությունը: 

Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում: Ցավոք, հետագա զարգացումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Անկարան պատրաստ չէ կարգավորմանը և որ թուրքական կողմի բարձրագոչ հայտարարությունները այսպես կոչված պատմական հաշտեցման պատրաստակամության մասին կապ չունեն իրականության հետ: Դեռևս ստորագրման օրը թուրքական կողմը փորձ կատարեց կրկին հնչեցնել նախապայմաններ, որոնք նա օգտագործում էր մինչև գործընթացի մեկնարկը, ինչի պատճառով ստորագրման արարողությունը հետաձգվեց մի քանի ժամով։ Արարողությանը ներկա միջազգային հանրության բարձրաստիճան ներկայացուցիչները, թե' այն ժամանակ, թե' դրանից հետո հայտարարեցին, որ արձանագրությունները պետք է վավերացվեն ողջամիտ ժամկետներում և իրականացվեն առանց նախապայմանների:

Սակայն, ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան կրկին վերադարձավ նախապայմանների լեզվին, որը ոչ միայն կապ չուներ արձանագրությունների տառի ու ոգու հետ, այլ` հակասում էր դրանց: Թուրքիան արձանագրությունների վավերացումը պայմանավորեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ադրբեջանական կողմի առավելապաշտական և անհիմն մոտեցումների համապատասխան կարգավորելու հետ և բացահայտ ողջունեց Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սադրիչ հայտարարություններն ու գործողությունները: 


Ոչ միայն Հայաստանը, այլև գործընթացին աջակից երկրներն ու միջազգային կառույցները հրապարակավ հայտարարեցին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծումը չի կարող կապակցվել հայ-թուրքական կարգավորման գործընթացի հետ: Այդպիսի փորձերը կարող են վնասել երկու գործընթացներին էլ։ 

Մենք նաև շարունակաբար հստակ վերահաստատել ենք, ներառյալ հայ-թուրքական գործընթացի թե՛ մեկնարկին և թե՛ դրա ընթացքում, որ Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը: 

Ինչպես բազմիցս շեշտել է նախագահ Սարգսյանը, Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը։ 

Երբ թուրքական կողմը ողջ գործընթացը մղեց դեպի փակուղի, Հայաստանը ստիպված եղավ կասեցնել վավերացման ընթացակարգը` այնուամենայնիվ պատրաստ մնալով վավերացնել արձանագրությունները` Թուրքիայի համապատասխան քայլերի հետ զուգահեռ։ Հայաստանի այս մոտեցումը տարբեր երկրների ու միջազգային կառույցների կողմից ըմբռնումով ընկալվեց և ողջունվեց: 
Այն, որ Թուրքիան պատրաստ չէ առաջ գնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղով ևս մեկ անգամ փաստվեց, երբ Անկարան մերժեց 2015թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին մասնակցելու նախագահ Սարգսյանի հրավերն, որը 2014թ. օգոստոսին Անկարայում ես փոխանցեցի Թուրքիայի նախագահ Էրդողանին։ Սա Թուրքիայի կողմից հերթական բաց թողնված հնարավորությունն էր: 
Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի ղեկավարությունը արձանագրությունները չի կարող առհավետ պատանդ պահել: Բայց Անկարան ականջալուր չեղավ ինչպես մեր, այնպես էլ միջազգային հանրության հետևողական կոչերին:

Իհարկե, մենք երբևէ չենք ապավինել Թուրքիայի բարեհաճությանը, այլ փորձել ենք կառուցել իրավահավասար, ժամանակակից հարաբերություններ։ Գուցե նաև սա է արձանագրությունները վավերացնելու Թուրքիայի դժկամության պատճառը։ Վերջիվերջո, դրանք հայ-թուրքական հարաբերությունների առաջին փաստաթղթերն էին, որ մեզ չէին պարտադրվել, ավելին՝ նախաձեռնվել էին Հայաստանի կողմից և բանակցվել էին մեր առաջարկների հիման վրա։ Հայաստանը մնաց իր բարձունքի վրա և կարողացավ առաջ տանել իր կողմից նախաձեռնած այս գործընթացը` հավատարիմ լինելով ձեռք բերված համաձայնություններին, ի տարբերություն Թուրքիայի, որն իր մեջ ուժ չգտավ ձերբազատվելու իր կարծրատիպերից՝ խախտելով միջազգային հարաբերությունների անկյունաքարային սկզբունքը՝ pacta sunt servanda` համաձայնությունները պետք է հարգվեն: 

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների հնարավոր տարբերակները: Մենք ձգտում էինք արձանագրությունների կնքման միջոցով հարաբերությունների կարգավորմանը, սակայն գիտակցում էինք նաև, որ Թուրքիան կարող է համապատասխան քաղաքական կամք չդրսևորել և չհարգել իր ստանձնած պարտավորությունները:

Ժամանակը ցույց տվեց, որ մեր այս մտահոգությունն արդարացի էր: Մինչ օրս, թուրքական իշխանությունների կողմից արձանագրությունների վավերացմանն ուղղված որևէ քայլի բացակայությունը, շարունակական փորձերը արձանագրությունների վավերացումը փոխկապակցել նախապայմաններով, Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին Անկարայից հնչող սադրիչ հայտարարությունները, ակնառու կերպով վկայում են, որ Թուրքիան պատրաստ չէ գնալ արձանագրությունների վավերացմանը և կյանքի կոչմանը: 

Շնորհակալություն»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search