Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ ավարտին է հասել փետրվարի 19-ից Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած «Գրքի բանկ-նվիրատվություն» ծրագիրը:
Ստեփանակերտում բացված «Գրքի բանկ-նվիրատվություն» ծրագրով հավաքագրվել է շուրջ 1500 գիրք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի երիտասարդական միության վարիչ մարմնի անդամ Տաթև Աղաջանյանն ասել է, որ ծրագրի շրջանակներում հավաքագրվել է գեղարվեստական, գիտական, մանկական և նոր հրատարակված շուրջ 1500 գիրք:
«Հավաքագրված ողջ գրքերն այսօր մենք հանձնում ենք Քաշաթաղի շրջանի Քաշունիք համայնքի գրադարանին: Այս ծրագիրը շարունակական է լինելու: Մենք փորձելու ենք օգնել Արցախի այն համայնքներին, որտեղ գրքերի կարիք կա»,-նշել է Տ. Աղաջանյանը: