Լապշինը նախընտրում է հայկական խաղաղության երգը` ադրբեջանական ատելության դասի փոխարեն
«Ատելության դաս ադրբեջանական դպրոցում» տեսանյութը, որում երեխաներին սովորեցնում են հայերին ատել, համացանցի հայկական տիրույթում մեծ վրդովմունք է առաջացրել։
Լապշինը նախընտրում է հայկական խաղաղության երգը` ադրբեջանական ատելության դասի փոխարեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում հայկական Detq խմբի տեսահոլովակն է հրապարակել, երգը կոչվում է «Toy Guns» («Խաղալիք զենք»), հայտնում է armeniasputnik.am-ը։
Նախօրեին նա Facebook-ի իր էջում հրապարակել էր ադրբեջանցի երեխաների դասի տեսագրությունը և կատարվածը «վայրենություն» անվանել։
«Ադրբեջանական մանկապարտեզում երեխաների մեջ հայատյացություն սերմանելու մասին երեկվա տեսանյութից հետո համեմատության համար հաճելի տեսահոլովակ նայեք։ Կրկին երեխաների մասնակցությամբ։ Երգը գրել են հայ զինվորները, որոնք 2016 թվականին մասնակցել են ապրիլյան պատերազմին։ Սա խաղաղություն քարոզող երգ է, որպեսզի չմահանան ո՛չ հայ, ո՛չ ադրբեջանցի զինվորները», — գրել է Լապշինը։
«Toy Guns» երգը նվիրված է 2016 թվականի քառօրյա պատերազմին հայրենիքը պաշտպանելու ընթացքում զոհված զինվորներին։
«Եկեք վերադառնանք խաղալիք զենքերով մեր խաղին, ձևացնենք, թե պատերազմում ենք։ Օ ոչ, դա պարզապես խաղ է, մենք չէինք ուզում մահանալ», — երգում են երիտասարդները։
Տեսահոլովակի վերջում բոլորը մի կողմ են նետում խաղալիք ինքնաձիգները` այդպիսով հրաժարվելով պատերազմից։