Artsakhpress

Տնտեսություն

Արցախում կատարված աշնանացանի ծավալներն աննախադեպ են վերջին 20 տարիների համար. գյուղնախարար

2018 թվականին բերքի տակ հանրապետությունում կատարվել է ավելի քան 75000 հա աշնանացան, որն աննախադեպ է վերջին 20 տարիների համար:

Արցախում կատարված աշնանացանի ծավալներն աննախադեպ են վերջին 20 տարիների համար. գյուղնախարար

Արցախում կատարված աշնանացանի ծավալներն աննախադեպ են վերջին 20 տարիների համար. գյուղնախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մարտի 7-ին կայացած՝ 2017 թ.-ին գյուղատնտեսության ոլորտում կատարված աշխատանքների, գյուղատնտեսության զարգացման նոր ռազմավարության, ինչպես նաև այդ հայեցակարգից բխող ընթացիկ տարվա ծրագրերին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը՝ ավելացնելով, որ վերջերս հանրապետության ամբողջ տարածքում արձանագրված տեղումներով աշնանացանի վիճակը կարելի է գնահատել բավարար: Բավարար կարելի է գնահատել նաև վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարը՝ բացառությամբ որոշ հատվածների, որտեղ դեռևս անելիքներ կան: Ներկայումս աշխատանքները շարունակվում են բոլոր ուղղություններով:

Խոսելով գարնանացան մշակաբույսերի ցանքսի սպասվելիք ծավալներից՝ գյուղնախարարն ասել է, որ նախատեսվում է կատարել շուրջ 14000 հա գարնանացան, որտեղ ցանվելու են հիմնականում պետական միջոցներով տրամադրված սերմեր. մի մասն՝ ամբողջությամբ անհատույց, իսկ սիսեռ, լոբի և եգիպտացորեն մշակաբույսերի մասով՝ մասնակի սուբսիդավորված: Ամբողջությամբ անհատույց տրամադրվելու են կերային և յուղատու մշակաբույսերի, ինչպես նաև՝ ընդեղենի սերմերը: Համեմատած բուսաբուծության ճյուղի հետ՝ անասնաբուծության ոլորտում խնդիրներն ավելի շատ են՝ չնայած, որ տարվա ընթացքում նախատեսված բոլոր ծրագրերն իրականացվել են:

Ամփոփելով անցած տարվա հիմնական ցուցանիշները, նախարարը նշել է, որ 2017 թվականին Արցախում գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 76.2 միլիարդ դրամ. աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 7.8 %, որի մեջ բուսաբուծության բաժինը եղել է 51 %, իսկ անասնաբուծությանը՝ 49%:

«Անցած տարին գյուղատնտեսության համար բարեհաջող էր: Ցանքատարածությունների ընդհանուր մակերեսը կազմել է 68 հազար 928 հեկտար, որից աշնանացանը եղել է 54 հազար 100 հա, իսկ գարնանացանը՝ 14 հազար 778 հա: 2016 թ.-ի համեմատ՝ ցանքատարածքների մակերեսներն ավելացել են 2870 հեկտարով կամ 4.2%-ով: Աշնանացան մշակաբույսերի ցանքատարածքները նվազել են 1846 հեկտարով կամ 3.3%-ով, իսկ գարնանացանն աճել է 47 %-ով՝ ավելանալով 4716 հա-ով: Հացահատիկից կազմած համախառն բերքը կազմել է 147 հազար տոննա, որը շուրջ 2000 տոննայով ավել է եղել 2016 թ.-ի ցուցանիշից: 2017 թ.-ին ունեցել ենք նաև ցրտահարություն և կարկտահարություն: Ցրտահարությունը եղել է միայն ծխախոտի բերքի մասով՝ վնասելով շուրջ 670 տոննա բերք: Ծխախոտագործներին պետական աջակցություն տրվել է յուրաքանչյուր 1 կգ ցրտահարված բերքի դիմաց՝ 30 դրամ: Իսկ կարկտահարության մասով, ընդհանուր առմամբ, 160 միլիոն դրամ պետական աջակցություն է ցուցաբերվել՝ հիմնականում խաղողագործներին և գարնանացան մշակաբույսերի աճեցմամբ զբաղվողներին»,- մասնավորապես նշել է Ժ. Միրզոյանը:

Նախարարն անդրադարձել է նաև անասնաբույժների կողմից իրականացված պատվաստումներին և կանխարգելիչ սրսկումներին՝ որոնց թիվը հասնում է 1 միլիոնի:

«Իրականացված գործողությունների միջոցով հաջողվել է հանրապետությունում պահել կայուն անասնահամաճարակային վիճակը՝ բացառությամբ խոզերի աֆրիկյան ժանտախտի և բրուցելյոզի առանձին դեպքերի, որոնք հիմնականում հետևանք են եղել պահվածքի կաննոների կոպիտ խախտումների: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ խոշոր եղջրավոր կենդանիների գլխաքանակը հունվարի 1-ի դրությամբ նվազել է 3631-ով: Նվազում է արձանագրվել նաև տարվա առաջին երկու ամիսներին՝ կովերի գլխաքանակը՝ 471-ով, իսկ խոզերի գլխաքանակը աճել է 700-ով, մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը նվազել է 37 000-ով, թռչունների գլխաքանակը ավելացել 39000-ով: Արտադրվել է 15 հազար 428 տոննա միս, որը 2016 թ.-ի ցուցանիշը գերազանցել է 19.3 %-ով: Աճը չի արձանագրվել տեղական սպառման ծավալների հաշվին, այլ՝ կենդանի քաշով հանրապետությունից արտահանման ծավալների ավելացման: Դրանով պայմանավորված՝ նվազում է արձանագրվել կաթի արտադրության մեջ՝ 11.2 %-ով, որը կազմել է 43 հազար 457 տոննա: Այս ամենին զուգահեռ` բարձրացվել է կովերի կաթնային մթերատվությունը՝ 1 կովի հաշվով տարեկան հասնելով մինչև 2395 կգ-ի, կամ 2 %»,- ասել է Ժ. Միրզոյանը:

Նախարարը բավարար է գնահատել նաև հաշվետու տարում ոռոգման համակարգերի ներդրման ու սպասարկման ուղղությամբ կատարված աշխատանքները, մասնավորապես` նշելով, որ պետական ծրագրով հորատվել է 7 արտեզյան հոր, ինչը 180 հա նռան այգի և 30 հա ծխախոտ, ինչպես նաև շուրջ 2-3 տասնյակ խաղողի այգիներ է դարձրել ոռոգովի: Հանրապետությունում ոռոգման նպատակով օգտագործվել է 15.7 միլիոն խորանարդ մետր ջուր:

«Խոսքը մակերևույթային, ինքնահոս ջրի մասին է: Իսկ մեխանիկական եղանակով մատակարարված ջրի համար ծախսված էլեկտրաէներգիայի արժեքի սուբսիդավորման վրա 34 միլիոն դրամ պետական բյուջեից տրամադրվել է հողօգտագործողներին: «Ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրման խթանումը» ծրագրով կաթիլային համակարգ է տեղադրվել 302 հա այգու և 44 հա ծխախոտի դաշտերում, որից օգտվել են 27 հայտատուներ»,- ասել է գյուղատնտեսության նախարարը:


     

Քաղաքական

Տնտեսություն

Հասարակություն

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բակո Սահակյանը շնորհակալական նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Գայլի հարձակումից տուժած 11-ամյա տղան մահացել է

Նիկոլ Փաշինյանն Արցախ է ժամանում

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են արեւելյան սահմանագծի հատվածներից մեկը

«Զինվորի բաժին» պահածոներ են հայտնաբերվել նաև Մանվել Գրիգորյանի Արցախի առանձնատանը. նոր բացահայտումներ

‹‹Ազգային վերածնունդ››-ի չարտոնված հավաքում կրկին նույն թեզերն են հնչել

Օտարերկրյա զույգը Արցախի ԱԳՆ-ում մուտքի արտոնագիր է ստացել հարսանեկան շորերով

Կարկուտն ու ուժգին քամիները մեծ վնասներ են հասցրել Արցախի հարավային թևին. պետնախարար Մարտիրոսյանը խորհրդակցություն է հրավիրել

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի