ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտում մարտի 7-ից մեկնարկել է դպրոցականների սպարտակիադայի մրցումների հանրապետական փուլը:
Ստեփանակերտում ընթանում են դպրոցականների սպարտակիադայի մրցումներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանն ասել է, որ մրցումներին մասնակցում են Ստեփանակերտի, Մարտունու, Ասկերանի, Հադրութի, Շուշիի, Մարտակերտի, Շահումյանի, Քաշաթաղի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների շուրջ 80 աշակերտ:
Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ աղջիկների և տղաների միջև մրցումներն անց են կացվում վոլեյբոլ, բասկետբոլ, հանդբոլ, մինի ֆուտբոլ, թեթև աթլետիկա, սեղանի թենիս, հնգամարտ և հրաձգություն մարզաձևերից:
Ա. Դանիելյանի խոսքով՝ մրցումները նպատակ են հետապնդում՝ տարբեր մարզաձևերի նկատմամբ աշակերտների մոտ սեր առաջացնել:
Նա նաև նշել է, որ 2017 թվականի Հայաստանի հանրապետական սպարտակիադայի ընդհանուր միավորների քանակով Արցախի թիմը գրավել է առաջին տեղը:
Մարզական մրցումների հաղթողները կպարգևատրվեն մեդալներով, դիպլոմներով:
Հաղթող թիմը կմասնակցի Երևանում կայանալիք Հայաստանի հանրապետական սպարտակիադային:
Սպարտակիադայի մասնակից Մարտակերտի թիմի անդամ Մերի Ավթանդիլյանը նշել է, որ ինքն առաջին անգամ է մասնակցում նման մրցումների:
Նա ասել է, որ խաղը անցնում է բավականին հետաքրքիր. բոլորն էլ ձգտում են, որ իրենց թիմը հաղթի: