Այսօր՝ մարտի 17-ին, «Արևիկ» մանկական հիվանդանոցում ԱՀ և ՀՀ առողջապահության նախարարությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
Արցախի և Հայաստանի առողջապահության նախարարությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այն ստորագրել են ԱՀ և ՀՀ առողջապահության նախարարներ Կարինե Աթայանը և Լևոն Ալթունյանը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը Կարինե Աթայանը, ողջունելով ներկաներին, ասել է, որ համագործակցության շրջանակներում կնքված փոխըմբռնման հուշագիրը վերաբերում է ֆենիլկետոնուրիա (Ֆենիլպիրոխաղողաթթվային թուլամտություն, ժառանգական հիվանդություն, որն առաջանում է ամինաթթվային շղթայի մետաբոլիզմի, հիմնականում ֆենիլալանինի կուտակման ժամանակ) հիվանդության վաղ հայտնաբերմանը և բուժական միջոցառումների ժամանակին ու պատշաճ կազմակերպմանը:
Նախարարի խոսքով՝ 2018-2019 թվականների ֆենիլկետոնուրիա նորածնային սկրինինգի կազմակերպման և իրականացման ծախսերն իր վրա է վերցրել ՀՀ «Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը: 2020 թվականից այդ ծախսերը կիրականացվեն ԱՀ առողջապահության նախարարության բյուջեի հաշվին:
Կ. Աթայանը նաև տեղեկացրել է, որ 2017 թվականի ապրիլի 15-ին ևս ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ԱՀ և ՀՀ նախարարությունների միջև՝ բնածին հիպոթերիոզի վաղ հայտնաբերման և բուժական միջոցառումների պատշաճ կազմակերպման համար:
ԱՀ առողջապահության նախարարը նշել է, որ այդ ծրագիրը հնարավորություն է ընձեռել ոչ միայն հայտնաբերել, այլև բուժել բնածին հիպոթերիոզով հիվանդ երեխաներին:
Լևոն Ալթունյանն էլ ասել է, որ երկու նախարարությունների միջև ստորագրելով փոխըմբռնման հուշագիր, իրենք փորձելու են վաղ շրջանում կանխել ֆենիլկետոնուրիա հիվանդությունների հետագա զարգացումը:
ՀՀ նախարարը խոսել է նաև Արցախում էլեկտրոնային առողջապահության ներդրման մասին և նշել, որ սկսած 2017 թվականից այդ ծրագիրը իրականցվում է Հայաստանի հիվանդանոցներում:
Ըստ ՀՀ նախարարի՝ Էլեկտրոնային առողջապահության համար անհրաժեշտ է հիվանդանոցները հագեցնել համապատասխան տեխնիկայով, բուժհաստատությունները ապահովել WI-FI կապով և կրթել բուժանձնակազմը:
Լ. Ալթունյանը նաև նշել է, որ Էլեկտրոնային առողջապահությունը Հայաստանում, Արցախում, ինչպես նաև ամբողջ աշխարհում նպատակաուղղված է տեղեկատվական համակարգերի միջոցով զարգացնել առողջապահական ոլորտը` բարելավելով վերջինիս որակը, հասանելիությունն ու արդյունավետությունը: Էլեկտրոնային առողջապահությունը հնարավորություն կտա հասարակությանը մատուցել բարձրորակ, անվտանգ, հասանելի և մատչելի բժշկական ծառայություն:
Հանդիպման վերջում ՀՀ նախարարը պատասխանել է նաև Արցախի գործընկերների կողմից բարձրացված հարցերին և լսել նրանց առաջարկությունները: