Մարտի 23-ն օդերևութաբանության միջազգային օրն է։
Այսօր օդերևույթաբանության միջազգային օրն է. Արցախում ոլորտի սարքավորումներն ամբողջովին հին են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության փոխտնօրեն Լաուրա Հովսեփյանը խոսելով իրենց գործունեության մասին, ասել է, որ իրենք օրը երեք ժամը մեկ կատարում են եղանակի դիտարկումներ` օդի, հողի մակերևույթի ջերմաստիճանների, քամու ուղղության և արագության, տեսանելիության, ամպամածության, խոնավության, տեղումների քանակի, մթնոլորտային ճնշման և օդերևութաբանական վտանգավոր բոլոր երևույթների մասին:
Ըստ մեր զրուցակցի՝ օդերևութաբանական դիտակետեր կան տեղադրված հանրապետության հինգ շրջաններում՝ Ասկերանում, Մարտակերտում, Մարտունիում, Հադրութում և Շուշիում: Իսկ Խաչեն և Վարանդա գետերի վրա էլ տեղադրված են հիդրոլոգիական դիտակետեր, որոնց միջոցով դիտարկվում են ջրի մակարդակը, ջերմաստիճանը։
ԱՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության փոխտնօրենը, օրվա առիթով անդրադառնալով ոլորտի խնդիրներին, ասել է, որ իրենց կառույցի շենքը շատ հին է և վերանորոգման կարիք ունի: Մաշված ու հին են նաև բոլոր սարքավորումները: Անհրաժեշտություն կա դրանք փոխարինել նոր ու ժամանակակից սարքավորումներով:
Նա նշել է նաև, որ, նոր սարքավորումներ ձեռք բերելու դեպքում, կատարվող աշխատանքներն ավելի ստույգ և դյուրին կլինեն: