Աշխատանքային այցով Արցախում գտնվող Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատվիրակության անդամներին այսօր ընդունել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատվիրակությունն այցելել է Ստեփանակերտ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստեփանակերտի քաղաքապետարանի մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանը ողջունելով հյուրերին Ս. Գրիգորյանն իր գոհունակությունն է հայտնել տարբեր ոլորտներում հետզհետե ամրապնդվող համագործակցության ու փոխըմբռնման համար և հավաստիացրել, որ իր կողմից հնարավոր ամեն ինչ կարվի գործընկերային հարաբերություններն առավել սերտացնելու համար:
Անդրադառնալով ընթացիկ տարվա հիշարժան իրադարձություններին` Հայաստանի Առաջին Հանրապետության 100-րդ տարեդարձին, Մայիսյան եռատոնին, Երևանի 2800-ամյակի և Ստեփանակերտի վերանվանման 95-ամյա տոնակատարություններին՝ քաղաքապետն ընդգծել է այդ տոների քաղաքական ու պատմական կարևոր նշանակությունները: Այդ կապակցությամբ Արցախի մայրաքաղաքում ևս հագեցած միջոցառումներ կկազմակերպվեն:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև առաջիկայում ծրագրվող մշակույթի և կրթության բնագավառներին վերաբերող համատեղ միջոցառումներին. ակնկալվում է՝ դրանք անցկացնել Երևանի Էրեբունի վարչական շրջանում:
Այցի շրջանակում պատվիրակության անդամները, Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանի ու քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարինե Հարությունյանի ուղեկցությամբ այցելել են Մուրացանի անվան քաղաքային գրադարան ու գրքեր նվիրել: Հյուրերը եղել են նաև Ստեփանակերտի տուն-ինտերնատում, ուր հագուստներ և քաղցրավենիք են բաժանել տարեցներին: