Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծնկի վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը:
Mirror. Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Mirror-ի փոխանցմամբ, 29-ամյա ֆուտբոլիստի վերականգնման համար կարող է պահանջվել մինչեւ 6 շաբաթ, կախված վնասվածքի լրջությունից:
Մխիթարյանը վնասվածք էր ստացել Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում (4:1), որում փոխարինվել էր 61-րդ րոպեին
Դրանից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել էր, որ կիսապաշտպանի վերականգնման ստույգ ժամկետները պարզ կլինեն մանրակրկիտ հեռազոտություններից հետո:
«Արսենալը» հաջորդ հանդիպումն անցկացնելու է ապրիլի 8-ին՝ Անգլիայի առաջնության 33-րդ տուրում ընդունելով «Սաութհեմփթոնին», իսկ ԲԿՄԱ-ի դեմ պատասխան խաղը կկայանա ապրիլի 12-ին Մոսկվայում:
Այս ձմռանը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխվելուց հետո Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 12 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում: Նա նաեւ երկու անգամ ճանաչվել է ակումբի ամսվա լավագույն խաղացող: