Ապրիլի 12-ին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, համաձայն ԱՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 9-ի № 233-Ա որոշման, ստորագրել է «Տոհմային կայան» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարումն «ԱԳՐՈ ԱՐՑ» ՍՊԸ-ին հանձնելու մասին պայմանագիր (ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետեր՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարան հիմնադրամ):
«Տոհմային կայան» ՓԲԸ-ի կառավարումը հանձնվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին հայտնեցին ԱՀ գյուղատնտեսական նախարաությունից: Աղբյուրի հաղորդմամբ՝ պայմանագրի կնքման անհրաժեշտությունը բխել է «Տոհմային կայան» ՓԲԸ-ի գործունեության արդյունավետության բարձրացման կարևորությունից:
ԱՀ գյուղատնտեսության նախարարությունն այսուհետ ևս շարունակելու է աջակցել «Տոհմային կայան» ՓԲԸ-ի գործունեությանը՝ ելնելով պետական ծրագրերից և ընկերության կանոնադրությամբ նախատեսված նպատակներից: Պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, համալսարանի պրոռեկտոր, «ԱԳՐՈ ԱՐՑ» ՍՊԸ-ի տնօրեն Սարիբեկ Գալստյանը, գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներ: