Artsakhpress

Վերլուծական

Հայաստանի հարևան երկրների տնտեսությունների ներկա գործընթացները և հիմնախնդիրները (վերլուծական)

Մեր հարևան երկրների տնտեսություններում տեղի ունեցող տնտեսական գործընթացները և իրադարձությունները, ոչ միայն հետաքրքիր են՝ զուգահեռներ և համեմատություններ անցկացնելու համար, այլ նույնպես ուղղակի կամ անուղղակի ազդում են մեր տնտեսության, առավել ևս ազգային անվտանգության վրա:

Հայաստանի հարևան երկրների տնտեսությունների ներկա գործընթացները և հիմնախնդիրները (վերլուծական)

Հայաստանի հարևան երկրների տնտեսությունների ներկա գործընթացները և հիմնախնդիրները (վերլուծական)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ հարևաններից երկուսի՝ Իրանի և Վրաստանի հետ Հայաստանը ունի սերտ առևտրատնտեսական հարաբերություններ, Թուրքիայի հետ միջնորդավորված առևտուր, իսկ Ադրբեջանի հետ զրոյական հարաբերություններ: Հայաստանի տնտեսությունում էլ շատ դեպքերում առկա են այնպիսի տնտեսական միտումներ և գործընթացներ, որոնք բնորոշ են մեր հարևաններին: Տեղի ունեցող այդ զարգացումներին ծանոթանալը և գնահատական տալը օգնում է ճիշտ կողմնորոշվել նաև մեր երկրի հետագա քայլերը և ռազմավարությունը մշակելու համար: Ստորև կներկայացվի այդ երկրների ազգային տնտեսություններում 2017թ.-ին և ընթացիկ տարում տեղի ունեցող գործընթացները և տնտեսություններին բնորոշ հիմնախնդիրները:

Ընդհանուր գործընթացներըՀամաշխարհային տնտեսությունը 2017թ.-ին տարբերվեց նախորդ տարվանից առավել բարձր տնտեսական ակտիվությամբ, որտեղ գլոբալ տնտեսական աճը ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի նախնական տվյալների կազմեց մոտ 3,7%: Ընդհանուր առմամբ նախորդ տարի համաշխարհային տնտեսության մեջ նկատվեց դրական բեկում և վիճակը կարելի է գնահատել բավարար: Աճ գրանցող Եվրամիության, Չինաստանի և ԱՄՆ-ի տնտեսությունների աճը զգալիորեն նպաստում է մյուս զարգացող երկրների տնտեսություններին: Նախորդ տարին բարենպաստ էր նաև Հայաստանի և իր որոշ հարևանների տնտեսությունների համար: Եթե հետևենք տվյալ երկրների պաշտոնական, ինչպես նաև միջազգային մասնագիտացված կառույցների վիճակագրությանը, ապա Հայաստանը, Վրաստանը և Թուրքիան գրանցել են բարձր տնտեսական աճ, իսկ Ադրբեջանը՝ գրեթե զրոյական աճ:

Նշանակալի ազդեցություն ունեցավ Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի համար,  OPEC-ի և նրա կազմի մեջ չմտնող նավթ արդյունահանող երկրների համաձայնությունը նավթի արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ: Դա բերեց 2017թ.-ից նավթի գների աճին, իսկ դա էլ իր հերթին նավթ արտահանող երկրների տնտեսական վերականգնմանը և ազգային արժույթների ուժեղացմանը: Հիշեցնենք, որ 2016թ.-ի վերջին OPEC-ը և կարտելից դուրս նավթ արդյունահանող 11 երկրներ պայմանավորվեցին օրական 1,8 մլն. բարելով կրճատել նավթի արդյունահանման օրական ծավալները՝ համաշխարհային շուկայում նավթի առաջարկի և պահանջարկի ծավալների հավասարակշռություն ապահովելու համար, և դա շարունակվելու է մինչև 2018թ.-ի վերջը:

Մեր հարևաններից Վրաստանի տնտեսական աճին նպաստեց մետաղների գների աճով պայմանավորված արտահանման կտրուկ աճը, դրամական փոխանցումների հոսքի ավելացումը և ներգնա զբոսաշրջության եկամուտների աճը: Մեր մահմեդական երեք հարևաններից մեկի՝ Թուրքիայի տնտեսական աճը պայմանավորված էր ԵՄ-ի կողմից պահանջարկի աճով, դրա հետևանք՝ արտահանման աճով և ֆիսկալ ընդարձակման քաղաքականությամբ: Քաղաքական անկայունությունը, լիրայի շարունակվող արժեզրկումը և բարձր գնաճային ճնշումները սակայն չլքեցին թուրքական տնտեսությանը: Ռուսաստանը ապահովեց 1,5% աճ, որին նպաստեց նավթի գների աճը, իսկ դրա արդյունքում բարելավեց արտաքին առևտրի հաշվեկշիռը, գնաճը ցածր էր և ռուբլու փոխարժեքը կայունացավ: Այս դրական զարգացումները փոխանցվեցին Հայաստան՝ դրամական փոխանցումների և առևտրի խողովակներով: Հայաստանի տնտեսությունը օգտվեց նաև մետաղների աճող գներից, որը խթանեց արդյունաբերության և արտահանման աճին: Ադրբեջանը նավթի գների աճի հաշվին կարողացավ դուրս գալը տնտեսական անկումից, սակայն իրական ՀՆԱ-ի աճը շատ ցածր է եղել: Իրանը կարողացավ խելացիորեն օգտվել նավթի գների աճից և սանկցիաների թուլացումից, ապահովեց տնտեսական աճ, սակայն չկարողացավ խուսափել սոցիալ-տնտեսական գործոններով պայմանավորված հուզումներից, գնաճի միտումներից և ազգային արժույթի արժեզրկումից:

Վրաստան: Վրաստանի ՀՆԱ-ն նախորդ տարի կազմել է 15,1 մլրդ. ամերիկյան դոլար: Վրաստանի համախառն ներքին արդյունքի աճը՝ 5%, որը զգալիորեն պայմանավորված է եղել մշակող արդյունաբերության և ծառայությունների բարձր աճով: Գյուղատնտեսությունը անկում է գրանցել 2,7%-ով: Գործազրկությունը կազմել է 11,8%: Ներդրումները կազմել են՝ 1,86 մլրդ. ամերիկյան դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 260 մլն. դոլարով:

Ընդհանուր առմամբ, 2017թ.-ը լավ տարի էր Վրաստանի համար: Դա նկատելի էր արտահանման և ներդրումների աճով, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի ցուցանիշների զգալի առաջընթացով: Մտահոգիչ է համախառն արտաքին պարտքի ցուցանիշը, որն արդեն գերազանցում է 15,7 մլրդ. ամերիկյան դոլարը: Իսկ պետական պարտքը գերազանցում է 6,6 մլրդ. դոլարը, որտեղ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 43,9%: Ընթացիկ հաշվի պակասորդը (դեֆիցիտ) համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նկատմամբ և պետական բյուջեի պակասորդը ՀՆԱ-ի նկատմամբ նույնպես բարձր ցուցանիշներ  են գրանցել նախորդ տարի՝ 4% և 13,3% համապատասխանաբար:

Վրաստանի կառավարությունը շարունակում է քայլեր անել փոքր և միջին բիզնեսի զարգացման, արտահանման դիվերսիֆիկացիայի, բիզնեսի կողմից ֆինանսների ձեռք բերման հեշտացման և ինովացիաների խթանման վրա: Սպառողական և գործարար վստահության բարելավումը, պետական ծախսերի և մասնավոր վարկերի աճը, ինչպես նաև կոորպորատիվ եկամտահարկի բարեփոխումները, խթանում են ներքին ներդրումների և սպառման աճին: Վրաստանը բարելավում է իր դիրքերը միջազգային ֆինանսական վարկանիշներում, որն էլ իր հերթին լրացուցիչ խթան է հանդիսանում Վրաստանի նկատմամբ վստահության աճի և ներդրումների հոսքի համար: Բացի այդ, Եվրամիության և Ռուսաստանի տնտեսական ակտիվացումը վրացական տնտեսության վրա դրական ազդեցություն ունեցավ:

Արտաքին առևտուր: Վրաստանի արտաքին առևտուրը դրական դինամիկա գրանցեց, որի շրջանառությունը աճել է 13,8%-ով: Արտահանումը աճել է 29,1%-ով,  հասնելով 2,7 մլրդ. դոլարի, ներմուծումը` 9,4%-ով, կազմելով՝ 7,9 մլրդ. դոլար: Առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 5,2 մլրդ. դոլար: Վրաստանի արտահանման կառուցվածքում ամենամեծ բաժինը կազմում են Եվրամիությունը և Ռուսաստանը: Արտահանման խթանումը հիմնականում պայմանավորված է արտաքին պահանջարկի բարելավման պայմաններով և մետաղների գների աճով՝ ֆեռոհամաձուլվածքների և պղնձի գները զգալիորեն աճել են նախորդ տարի: Արտահանման աճի մյուս հիմնական ապրանքներն են՝ ավտոմեքենաների վերաարտահանումը (+41% տարեկան), գինին (+50,6% տարեկան), դեղամիջոցները (+ 30,9% տարեկան) և սպիրտային խմիչքները (+37,8% տարեկան)2: Սակայն վրացական արտահանման կառուցվածքը դեռևս բնութագրվում է ցածր դիվերսիֆիկացիայով, տասը արտահանման ապրանքներին բաժին են ընկել ընդհանուր արտահանման 63,3%-ը:

Ներմուծման կառուցվածքը ավելի դիվերսիֆիկացված է, ներմուծման ամենախոշոր ապրանքները կազմել են ընդհանուր ներմուծման 34,8%-ը: Ակցիզային հարկի ավելացումը զգալի ազդեցություն է ունեցել վառելիքի ներմուծման ծավալների նվազման վրա:

2017 թ.-ին առևտրի աշխարհագրական կազմը նույնպես փոխվել է: Դեպի ԱՊՀ երկրներ արտահանումը աճել է 59,9%-ով և կազմել է ընդհանուր արտահանման 43,3%-ը: Այս աճը հիմնականում պայմանավորված էր արտահանման աճով դեպի Ռուսաստան (+91,3%) և Ադրբեջան (+78,1% տարեկան): Արտահանումը դեպի ԵՄ երկրներ աճել է 13,2%-ով, իսկ մյուս երկրներ՝ 12%-ով: Վրաստանին դեռևս ժամանակ է պահանջվում ԵՄ-ի հետ ներդաշնակեցման գործընթացը ավարտելու համար՝ լիարժեք օգտվելու Եվրամիության հետ առևտրի ընձեռնած հնարավորություններից:

Գնաճ: 2017 թ.-ին տարեկան միջին գնաճը կազմել է 6%: Գնաճի վրա ազդել են հետևյալ գործոնները՝ վառելիքի, ծխախոտի և մեքենաների ներկրման ակցիզային հարկերի աճը, միջազգային շուկայում վառելիքի գների աճը: Դա պատճառ դարձավ տրանսպորտի գների բարձրացմանը, ինչպես նաև անուղղակի կերպով ներքին արտադրական ծախսերի աճին: Բացի այդ 2015-2016թ.-ին վրացական լարիի անվանական արժեզրկումը գործընկեր երկրների ազգային արժույթների նկատմամբ, նույնպես նպաստել էր ներմուծվող ապրանքների գների բարձրացմանը, դա էլ իր հերթին գնաճի վրա:

Բանկային հատված: Բանկային հատվածի եկամուտը աճել է 13%-ով: Առևտրային բանկերի կողմից ձեռնարկություններին և տնային տնտեսություններին տրամադրված ընդհանուր վարկերը աճել են 15,5%-ով: Այս աճը հիմնականում պայմանավորված է սպառողական վարկերով, ինչը իր հերթին աճել է 20,3%-ով: Բիզնես վարկերը 2017 թ.-ին աճել են 10,2%-ով: Նվազում է նաև դոլարայնացման մակարդակը բանկային համակարգում՝ դոլարային ավանդների տեսակարար կշիռը նվազել է 5,8%-ով, իսկ վարկերինը իր հերթին նվազեցրել են 7,5%-ով: Այն փաստը, որ դոլարայնացման մակարդակը տարեվերջին նվազել է, չնայած լարիի անվանական փոխարժեքի տատանումներին, ցույց է տալիս, որ Վրաստանի ազգային բանկի կողմից իրականացվող մակրոտնտեսական մեխանիզմները ցանկալի արդյունք են ունեցել2: Միևնույն ժամանակ վարկավորման տոկոսադրույքները ազգային արժույթով և արտարժույթով ավելի են էժանացել: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը կազմում է 7,25%:

Բնակչության պարտքը շարունակել է աճել: Տնային տնտեսությունների պարտքը վերջին տարիներին աճել է. 2017 թ.-ի 3-րդ եռամսյակում հասնելով 31,9%-ի ՀՆԱ-ի կառուցվածքում, որը 4%-ով բարձր է, քան 2016թ.-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ: Չնայած տնային տնտեսությունների պարտքային ցուցանիշների աճին, չաշխատող վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկերի կառուցվածքում նվազել է: Դա կարող է մասամբ բացատրվել առևտրային բանկերի վարկավորման խիստ չափանիշներով:

Փոխանցումներ: Ընդհանուր դրամական փոխանցումների ծավալը 2017 թ.-ին կազմել է 1,4 մլրդ. դոլար, որն ավելացել է 19,8%-ով: Դեպի Վրաստան  դրամական փոխանցումների հիմնական աղբյուրներն են Եվրամիությունը և Ռուսաստանը  (համապատասխանաբար` 31% և 33%): Այսպիսով, դրամական փոխանցումները լրացուցիչ արտաքին գործոններից մեկն էր, որը խթանեց վրացական տնտեսական աճին: Բացի այդ, դրամական փոխանցումները երկրի ներսում արտարժույթի ներհոսքի աղբյուր են և կարևոր են լարիի փոխարժեքի կայունության համար:

Զբոսաշրջություն: 2017թ.-ը հաջող էր Վրաստանի համար միջազգային զբոսաշրջության տեսանկյունից: Զբոսաշրջությունը տնտեսական աճի գլխավոր խթաններից է և արտարժույթի ներհոսքի հիմնական աղբյուրներից մեկը:

2017թ.-ին Վրաստան է մուտք գործել 7,5 միլիոն այցելու, որը 18,8%-ով բարձր էր նախորդ տարվա ցուցանիշից: Այցելուների 77,8%-ը Վրաստան մուտք է գործել ցամաքով, 20,7%-ը՝ օդային ուղիներով, 1%-ը՝ երկաթգծով և 0,5%-ը՝ ծովով: Ինչպես սովորաբար Վրաստան այցելողների ամենաբարձր բաժինը կազմել են հարևան երկրներից` Հայաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից և Թուրքիայից, որը կազմում է ընդհանուր այցելուների հոսքի 80,1%-ը: Բացի այդ Իրանից (+118,3%) և Սաուդյան Արաբիայից (+164.6%) նույնպես այցելուների կտրուկ աճ է նկատվել:

Զբոսաշրջիկների թիվը (այցելուները, ովքեր գտնվել են Վրաստանի տարածքում 24 ժամ և ավելի) կազմել է 3,5 մլն. մարդ, որն աճել է 27,9%-ով: Այս զբոսաշրջիկները 2,2 մլրդ. դոլար են ծախսել Վրաստանում 3-րդ եռամսյակի դրությամբ, որը 29%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Ակնկալվում է, որ 2018 թ.-ին զբոսաշրջային ծառայություններից եկամուտները կլինեն ավելի բարձր, քան արտահանվող ապրանքների ընդհանուր ծավալը, որը 2017 թ.-ին, ինչպես նշեցինք, կազմել էր 2,7 մլրդ. դոլար:

2018 թ.-ին Վրաստանում տնտեսական ակտիվության դինամիկան պահպանվում է. հունվար-փետրվարին տնտեսական աճը կազմել է՝ 4,9%, աճել են նաև 25,5%-ով արտահանման և 13,3%-ով ներմուծման ցուցանիշները: Գնաճը մարտին կազմել է  2,8%:

Ադրբեջան: Ադրբեջանի համար 2017թ.-ը նշանավորվեց տնտեսության անկման վիճակից մի կերպ դուրս գալով: Ի տարբերություն 2016 թ.-ի, երբ այս երկրի ՀՆԱ-ն անկում էր գրանցել 3,8%-ով, նախորդ տարին ամփոփվեց 0,1% աճով: Այդ աննշան աճն էլ իր հերթին պայմանավորված էր նավթի գների կայուն աճով, այլապես կրկին անկում կգրանցվեր և ոչ փոքր չափով:

Անցյալ տարի ադրբեջանական տնտեսության ոչ նավթային հատվածը աճել է 2,6%-ով, իսկ 5%-ով կրճատվել է նավթագազային հատվածը: Տնտեսության մեջ լճացումը շարունակվում է: Ադրբեջանական պաշտոնական վիճակագրության համաձայն, գյուղատնտեսության ոլորտում, նկատվել է համեմատաբար դրական դինամիկա: Գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը ավելացել է 60%-ով և պատճառն այն է, որ պատժամիջոցների պատճառով Թուրքիան ավելի քիչ ապրանքներ է մատակարարել ռուսական շուկա, որից օգտվել է Ադրբեջանը:

Ըստ ադրբեջանցի տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլիի, ներդրումները տնտեսության մեջ կրճատվում են, երկիրը լքում են բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ, տնտեսության մեջ որևէ լուրջ բարեփոխումներ չեն իրականացվում, որոնք ներդրողներին կհամոզեն ներդրումներ անել տնտեսության մեջ, իսկ Ադրբեջանի բնակչությունը 2017թ.-ը կհիշի որպես դեպրեսիայի և իրական եկամուտների նվազման տարի, բարձր է արտագաղթի տեմպերը և սոցիալական դժգոհությունը: Ըստ բրիտանական Association Chartered Certified Accountants (ACCA) գնահատականի, Ադրբեջանում ստվերային տնտեսությունը կազմում է տնտեսության 66,12%-ը: Կառավարության վարկանիշը Moody's միջազգային վարկանիշային  գործակալության կողմից նվազել է Ba2-ից մինչև Ba1: Moody's-ի կարծիքով, նոր վարկային վարկանիշը  «արտացոլում է տնտեսության, պետական ​​ֆինանսների և բանկային համակարգի խոցելիությունը նավթային գների անկայունության մեջ»:

Ադրբեջանական տնտեսության կարևորագույն իրադարձություններից կարելի է համարել «Դարի պայմանագրի» երկարաձգումը և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումը: Նոր «Դարի պայմանագիրը» ստորագրվել է 2017թ.-ի սեպտեմբերին՝ Ադրբեջանի և նավթային միջազգային ընկերությունների միջև «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» նավթագազային բլոկի հետագա մշակման համար, որով պայմանագրի գործունեությունը  երկարաձգվում է ևս 25 տարով, 2024թ.-ից մինչև 2050թ.-ը:

Գնաճ: Ադրբեջանում իրականացվող կոշտ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությամբ այդպես էլ չկարողացան զսպել գնաճի տեմպերը և այն կազմեց 13,4%: Դա հիմնականում հարվածել է աղքատ բնակչության գրպանին, որն առավելապես երևում է սննդամթերքի գնաճի տեսքով,  ինչը կազմել է 19% է: Որոշ ապրանքների գները բարձրացել են նույնիսկ մինչև 50%, ոչ պարենային ապրանքներինը` 12%-ով, ծառայությունների գները աճել են 10%-ով: Չնայած այն բանին, որ Ադրբեջանում միջին ամսական անվանական աշխատավարձը 7,2%-ով աճել է 2016թ.-ի համեմատ, սակայն քաղաքացիները չեն զգացել եկամուտների աճի արդյունքը՝ բարձր գնաճի պատճառով:

Գնաճի պատճառներից է նախորդ տարիների մանաթի կրկնակի արժեզրկումը: Բացի այդ, ներմուծումը տնտեսությունում կարևոր դեր է խաղում, քանի որ տեղական ապրանքների արտադրության մեծ մասը կախված է արտերկրից ստացվող հումքից: Բնականաբար, երբ մանաթը արժեզրկվեց, ներմուծվող ապրանքներն ավելի թանկացան արտադրողների համար: Տեղական արտադրանքի վնասը փոխհատուցելու համար արտադրողները բարձրացրել են իրենց վերջնական արտադրանքի գինը, ինչը հանգեցնում է գների ընդհանուր աճին:

Պետական բյուջեի ծախսերը նույնպես նվազեցին 0,9%-ով՝ կազմելով 10,35 մլրդ. դոլարին համարժեք ադրբեջանական մանաթ: Իմիջիայլոց պետական ​​բյուջեի ծախսերը 2014, 2015 և 2016 թվականներին անկում են գրանցում: Իսկ պետական ​​բյուջեի եկամուտները կազմել են 9,7 մլրդ. դոլար, ինչը ակնկալվող եկամուտներից ցածր է եղել:

Բանկային համակարգը շարունակում է թուլանալ, պրոբլեմային վարկերի ծավալն աճում է, վարկավորումը նվազում է, իրացվելիության հետ կապված խնդիրներ կան: Բանկային հատվածը ուժեղ աջակցություն է ստանում պետությունից, առանց որի բանկերը դժվար թե կարողանային դուրս գալ ներկայիս իրավիճակից, այլապես դրանք կամ կփակվեն կամ կմիավորվեն:

Կենտրոնական բանկը շարունակելու է հնարավորինս սեղմել դրամական զանգվածը, խիստ դրամավարկային քաղաքականությամբ գնաճի տեմպերը վերահսկելու համար, որի արդյունքում տնտեսությունը խեղդվում է փողի պակասից: Միաժամանակ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը (Sofaz) բավարար արտարժութային ռեսուրսներ ունի արտարժույթի պահանջարկը բավարարելու համար: Վերջին 2 տարիներին ԿԲ-ի փոխարեն այդ գործառույթը կարծես թե իր վրա է վերցրել Sofaz-ը, քանի որ մանաթի փոխարժեքի պահպանման արդյունքում ԿԲ-ի պահուստները վերջին տարիներին գրեթե կեսով չափ կրճատվել էին: Այսպես, մոտ 1,46 մլրդ. դոլար է ուղղվել Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամից (Sofaz) Կենտրոնական բանկ` «մակրոտնտեսական կայունության ապահովման» նպատակով: Այնումենայնիվ ԿԲ-ի արտարժութային պահուստները մի փոքր աճել են 2018թ.-ի ընթացքում, կազմելով ներկա պահին 5,5 մլրդ դոլար: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը կազմում է 11%:

Ինչ վերաբերում է բանկային հատվածին, ապա այս ոլորտում վիճակը վատ է: Ֆինանսական հատվածում ընթացող խնդիրները և առևտրային բանկերի նկատմամբ բնակչության վստահության կորուստը հանգեցրել են բանկային համակարգի ձախողումներին և տոկոսադրույքների աճին: Նվազել է բանկերի վարկային պորտֆելը՝ բանկերի կողմից տրամադրված վարկային ներդրումների ծավալները ​​ տնտեսության մեջ 2018 թ.-ի մարտի 1-ին Ադրբեջանում գնահատվել են 11,1 մլրդ. մանաթ, իսկ 2016 թ.-ին այդ ցուցանիշը կազմել էր 15,9 մլրդ. մանաթ: 2017թ.-ին Ադրբեջանի բանկային հատվածի ակտիվները տարեսկզբից նվազել  են ավելի քան 16%-ով: Բնակչության ավանդները նվազել են 2,45%-ով, իսկ ընկերությունների միջոցները` 6,55%-ով: Ադրբեջանական 45 բանկերից 2017 թ.-ի դրությամբ գործող բանկերի թիվը հասել է 30-ի: Այդ 30 բանկերի ակտիվները 2017 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 26,3 մլրդ. մանաթ, ընդհանուր պարտավորությունները` 23,2 մլրդ մանաթ, մնացորդային կապիտալը` 3.095 մլն մանաթ:  

Ադրբեջանի խոշորագույն բանկը, Ադրբեջանի միջազգային բանկը (IBA), դադարեցրել է իր արտաքին պարտքերի վճարելը և 2017թ. մայիսին սնանկ է հայտարարվել: Անարդյունավետ կառավարումը, անբավարար ներդրումային քաղաքականությունը, ցածր իրացվելիությունը և կոռուպցիոն գործունեությունը ստիպեցին վերաձևակերպել բանկի 3,3 մլրդ. ԱՄՆ դոլար պարտքը: Այդ բանկի վերակազմավորման արդյունքում Կառավարության արտաքին պարտքը ավելացավ  2,45 մլրդ. ամերիկյան դոլարով:

Ադրբեջանում սեպտեմբերին ստեղծվել էր «Վարկերի երաշխավորող հիմնադրամ», վարկերի խթանման և փոքր բիզնեսի սեփականատերերին ռազմավարական նշանակություն ունեցող հատվածներում, մասնավորապես` գյուղատնտեսության ոլորտում, նախագծերը ֆինանսավորելու նպատակով: Պատճառն այն է, որ բանկերը չեն ցանկանում փոքր բիզնեսին տրամադրել վարկեր:

Sofaz: Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի  բյուջեի  եկամուտը նավթի գների բարձրացման պատճառով աճել է և կազմել է  6,3 մլրդ. ԱՄՆ դոլար, նախատեսված 4,9 մլրդ. դոլարի փոխարեն: Միևնույն ժամանակ, հիմնադրամի ծախսերը սահմանվել էին 8,9 մլրդ. դոլար, ինչը հանգեցրել է 2,6 մլրդ. դոլար բյուջեի դեֆիցիտի, որը 2016 թ.-ի դեֆիցիտի համեմատ զգալիորեն մեծ է եղել: 2017-ի հոկտեմբերի դրությամբ հիմնադրամի ակտիվները կազմել են 36 մլրդ. դոլար: Հիմնադրամից պետական բյուջե փոխանցումները կազմել են 3,6 մլրդ. դոլար, ինչը 2016-ի մակարդակից ցածր է եղել 891 մլն. դոլարով: Մյուս կողմից, դեպի պետական բյուջե 2018 թվականի տրանսֆերտների վերին սահմանը սահմանվել է 5,4 մլրդ. ԱՄՆ դոլար, ինչը ենթադրել է տալիս, որ 2018թ.-ին պետական բյուջե փոխանցումներն ավելի բարձր կլինեն նախորդ տարվա համեմատ:

Մանաթի փոխարժեք: 2017 թ.-ին 1 ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 1.7 մանաթ և համեմատաբար կայուն է եղել: Սա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է Կենտրոնական բանկի և Նավթային պետական հիմնադրամի արտարժույթի շուկայում ակտիվ միջամտությամբ, որպեսզի փոխարժեքը կայուն լինի, չնայած այն բանին, որ պաշտոնական քաղաքականությունը ենթադրում է լողացող փոխանակման ռեժիմ: 2017թ.-ին մանաթը կայուն է մնացել ամերիկյան դոլարի նկատմամբ, սակայն կորցրել է արժողությունը այլ արտարժույթների՝ եվրոյի, ֆունտ ստեռլինգի և յուանի նկատմամբ:

Ըստ ֆինանսների նախարարության պետական արտաքին պարտքը 2018 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 9,4 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 22,8%-ը:

Արտաքին առևտուր: Ըստ Ադրբեջանի մաքսային կոմիտեի տվյալների, արտահանումը կազմել է 13,8 մլրդ. դոլար, ներմուծումը` 8,8 մլրդ. դոլար: 2017 թվականին Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 27,8%-ով, արտահանումը` 51,1%-ով, ներմուծումը` 2,9%-ով: Արտահանման կառուցվածքում գերիշխում է նավթի (77,52%), նավթամթերքների (2,46%), բնական գազի (8,64%) տեսակարար կշիռները:

Գործազրկություն: Ըստ պաշտոնական տվյալների, երկրում գործազրկությունը մնում է ցածր մակարդակի վրա` 5%: Այս ցուցանիշը մի քանի տարի շարունակ չի փոփոխվում: Անկախ փորձագետները կարծում են, որ իրականում գործազրկության մակարդակը մի քանի անգամ գերազանցում է նշված ցուցանիշը: 2016 և 2017 թթ.-ին բավականաչափ մեծ թվով մարդիկ կորցրել են իրենց աշխատատեղերը:

Նավթի և գազի արդյունահանում: Ըստ պաշտոնական ցուցանիշների, 2017 թ.-ին Ադրբեջանում նավթի արդյունահանումը կազմել է 36,7 մլն. տոննա, նախորդ տարվա 2016 թ.-ի համեմատ նվազելով 5,7%-ով, իսկ 2010 թ.-ի համեմատ նվազել է 24%-ով կամ 12,1 մլն. տոննայով: Օրական միջին արդյունահանումը կազմել է մոտ 800 հազար բարել: Բնական գազի արդյունահանումը նախորդ տարի կազմել է 28,6 մլրդ. մետր խոր: Միաժամանակ աճել են ադրբեջանական նավթի արդյունահանման ծախսերը: Ադրբեջանի պետական նավթային ընկերության (Socar) համաձայն, ծովում նավթի արդյունահանման համար ծախսվում է միջինը  20 ամերիկյան դոլար մեկ բարելի համար, սակայն իրականում այն մի փոքր բարձր է: Արդյունահանման նվազող տեմպերի և ծախսերի նման մակարդակի դեպքում, Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամի (Sofaz) տարեկան եկամուտը կկազմի մոտ 6-7 միլիարդ դոլար` նավթի 60-70 դոլար  գների դեպքում:

Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով, համախառն ներքին արդյունքը 2018-ի հունվար-փետրվարին աճել է 1,3%-ով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Իսկ գնաճը կազմել է՝ 4,7%:  

Իրան: ՀՆԱ-ի աճը կազմել է 4,6% 2017 թ.-ի երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Իրանական տարվա 1396 թ.-ի (2017-2018 թ.-ի) առաջին կիսամյակի դրությամբ արտաքին առևտրի դրական հաշվեկշիռը կազմել է 10,7 մլրդ. դոլար, որտեղ արտահանումը կազմել է 44,2 մլրդ. դոլար, իսկ ներմուծումը՝ 33,5 մլրդ. դոլար: Արտահանման 82%-ը կազմել է նավթի և գազի արտահանումը: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի Իրանի պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 17,7%:

Ազգային արժույթի արժեզրկման տեմպերը պատկերացնելու համար նշենք, որ 2017թ.-ի սկզբին 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 32500 իրանական ռիալ, որը ներկայումս հասել է 42 000 իրանական ռիալի: Ընդ որում, փոխարժեքը բարձրացել է հատկապես այս տարվա ապրիլ ամսվա ընթացքում:

ՀՆԱ-ի աճը պայմանավորված է եղել հիմնականում նավթի արտահանման ծավալների ավելացման և նավթի գների աճի արդյունքում ստացված եկամուտներով: Վերջին տվյալներով 2017 թ.-ի առաջին եռամսյակում նավթի արտահանման ծավալները աճել են 17%-ով, երկրորդ եռամսյակում 10%-ով:

Ընդհանուր առմամբ, չնայած տնտեսական աճին և որոշակի հաջողություններին, տնտեսական իրավիճակը մնում է բարդ: 2015թ.-ին կնքված միջուկային գործարքը և պատժամիջոցների աստիճանական վերացումը չարդարացրեց սովորական իրանցիների դրական սպասումները: Տնտեսության հիմնական խնդիրներից են եղել գնաճը, ռիալի փոխարժեքի անկումը և գործազրկության բարձր մակարդակը: Նախորդ տարվա ավարտը Իրանում մթագնվեց փողոցային բուռն հուզումներով և անկարգություններով:

2016-2017 թվականներին Իրանը վերականգնել է իր մասնաբաժինը համաշխարհային նավթի շուկայում, 2012-2015թթ.-ին միջազգային ֆինանսական և տնտեսական կոշտ պատժա­միջոցներից հետո, որը կիրառվում էր Իրանի նկատմամբ: Իրանական կողմը նույնպես ակտիվ և մտածված է գործում: 2016 թ.-ին OPEC-ը որոշեց ընդհանուր նավթի արդյունահանումը 1,8 մլն. բարելով կրճատել: Սակայն Իրանը, որը երրորդ խոշոր նավթ արդյունահանողն  է  OPEC-ում, Սաուդյան Արաբիայից և Իրաքից հետո, բացառություն է արել իր համար: Թեհրանը պնդում էր վերականգնել իր նախնական վաճառքի շուկայական մասնաբաժինը այնքան, որքան մինչև նավթի արտահանման սահմանափակումներն էին: Այս իրավիճակում ԻԻՀ-ն կարողացավ լիարժեք օգտվել ընթացիկ իրավիճակից, չենթարկվելով OPEC-ի որոշումներին:

Ներկայումս Իրանը արդյունահանում է օրական ավելի քան 3,8 մլն. բարել նավթ: Ակնկալվում է, որ 2018 թ.-ի ընթացքում Իրանում նավթի օրական արդյունահանումը կաճի մինչև 4 միլիոն բարել: Իսկ նավթի օրական արտահանումն այժմ գերազանցում է 2,6 միլիոն բարելը: Իրանական նավթի արդյունահանման ինքնարժեքը բավականին ցածր է և կազմում է մոտ է 5 դոլար մեկ բարելի համար: Հատկանշական է, որ Թեհրանը վերականգնել է ոչ միայն նավթի համաշխարհային շուկայում իր քանակական մասնաբաժինը, այլև, եթե կարելի է ասել, նաև «աշխարհագրական» տիրույթները: Իրանի նավթի արտահանման 60%-ը առաքվում  է ասիական երկրներ, իսկ մնացած 40%-ը՝ եվրոպական երկրներ:

Ամեն դեպքում, երկրի տնտեսական հաջողությունների ճանապարհը հանդիսանում է արդյունաբերության բոլոր ոլորտների զարգացումը և հատկապես բարձրագույն, թվային և տեղեկատվական տեխնոլոգիաները:

Իրանը լուրջ աշխատանքներ է կատարում տարբեր խոշորամասշտաբ ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելու համար: Նախորդ տարի Իրանը ստորագրել է խոշոր վարկային գործարքներ Հարավային Կորեայի բանկերի հետ, որոնք գնահատվում են մոտ 8 միլիարդ եվրո: Նման վարկային գործարքներ է կնքվել Չինաստանի CITIC Trust-ի և հինգ իրանական բանկերի միջև, որի արդյունքում 10 մլրդ. դոլար արժողությամբ վարկային միջոցներ է տրամադրվում Իրանին: Ինչպես նաև վարկային համաձայնություններ են կնքվել ռուսական բանկերի հետ, որի արդյունքում ռուսական կողմը մեծ ծավալի վարկեր կտրամադրի Իրանում զարգացման ծրագրերի ֆինանսավորման համար:

Տարբեր խոշոր ենթակառուցվածային համատեղ նախագծեր են իրագործվում հատկապես Չինաստանի հետ, ինչպես օրինակ՝ «Նոր մետաքսի ճանապարհի» շրջանակներում 3200 կմ երկաթգծի կառուցման նախագիծը, որի մի հատվածը կառուցվելու է Իրանում: Այն  կապում է Չինաստանի արևմուտքը Իրանի մայրաքաղաք Թեհրանին, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի տարածքով:

Ներդրումներ: Օտարերկրյա ուղղակի ներդրումները 2011 թ.-ի 4,3 մլրդ. դոլարից նվազել են մինչև 2015 թ.-ի 877 մլն. դոլարի մակարդակի, որը սակայն 2016թ.-ից նորից սկսել է աճել: Իրանին միայն նավթի արդյունահանման ենթակառուցվածքների զարգացման համար անհրաժեշտ է 50 մլրդ. ամերիկյան դոլար ներդրումներ:

Իրանական 80 միլիոնանոց շուկան հսկայական է, նրա կարողությունները դժվար է գերագնահատել: Այս առումով Ֆրանսիան օրինակ է հանդիսանում, որն արագորեն հաստատվում  է իրանական շուկայում՝ առաջարկելով մի շարք ապրանքների տեսականի: Ֆրանսիական ավտոարտադրողները` Renault- ն եւ Peugeot-Citroen- ը ոչ միայն վաճառում, այլ նաև Իրանում արտադրում են ավտոմեքենաներ: Ֆրանսիան պայմանագիր է կնքել նաև օդանավերի մատակարարման մասին: Գերմանիան այս հարցում արդեն Ֆրանսիայից հետ է մնում: Իտալիան նույնպես ջանքեր է գործադրում իրանական շուկայում հաստատվելու համար: Այս երկրների հետ համագործակցությունը շարունակում է մնալ Իրանի կարևորագույն առաջնահերթություններից մեկը:

Գործազրկությունը շարունակում է մնալ լուրջ խնդիր Իրանում և առաջիկա տարիներին այն կշարունակվի արդիական լինել իրանական տնտեսության համար: Ըստ Իրանի կենտրոնական բանկի տվյալների իրանական 1396 թ.-ի (2017-2018թ.) երկրորդ եռամսյակին գործազրկությունը կազմել է 11,7%: Երիտասարդների շրջանում իրավիճակը ավելի վատ է, գործազրկությունը հասնում է 28,8%:

Գնաճը կազմել է 9,9%: Դիզելային վառելիքի, բենզինի և այլ անհրաժեշտ ապրանքների, սննդամթերքի գները բարձրացել են նախորդ տարում, որը սոցիալական խոցելի շերտերի համար լուրջ դժգոհության է առաջացրել:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2018թ.-ի դրությամբ կազմել է 18%: Ընթացիկ հաշվի դրական հաշվեկշիռը ավելացել է ավելի քան 80%-ով, հասնելով ՀՆԱ-ի շուրջ 6,3%-ը, հիմնականում նավթի արտահանումից եկամուտների աճի արդյունքում: Այն 2015 թ.-ին կազմում էր 2,3%:

Սոցիալական բողոքները: Իրանում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաները դեռևս շարունակվող ծանր տնտեսական վիճակի արդյունք են, չնայած պատժամիջոցների վերացմանը խոստացած «տնտեսական գարունի»: Իհարկե, դրա հիմնական պատճառը նախևառաջ արևմտյան պատժամիջոցների հետևանքներն են: Բացի դրանից, այս վիճակի համար հաճախ մեղադրվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ): Իրանում կարևոր խնդիր է մնում Իսլամական հեղափոխության կորպուսի տնտեսական ազդեցության չեզոքացումը: Իրաքի հետ պատերազմից հետո երկրի ղեկավարությունը թույլատրել էր իսլամական հեղափոխության պահապաններին զբաղվել բիզնեսով: Գրեթե երեք տասնամյակ շարունակ ԻՀՊԿ-ը ստեղծել է մի ամբողջ տնտեսական կայսրություն՝ ներխուժելով  իրանական տնտեսության բոլոր ոլորտներ: Հիմնականում ԻՀՊԿ-ի գործունեությունն է արգելակում իրանական տնտեսության և բիզնեսի ազատ զարգացմանը, կարծում են ընդդիմադիրները, քանի որ այն «մահացու գրկախառնումով» խեղդում է տնտեսությունը: Արդյունքում երկրի բարձրագույն ղեկավարը Այաթոլլա Ալի Խամենեին հրամայեց Իսլամական հեղափոխության պահպանության կորպուսին սահմանափակել իր ներգրավվածությունը բիզնեսում:

Շարունակությունն այստեղ

հեղինակ՝   Սարգիս Մանուկյան


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search