Շվեդական «Յուրգորդենի» հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը որակազրկվել է ակումբի կազմում իր նորամուտի խաղում մրցակցին գլխով հարվածելու համար:
Յուրա Մովսիսյանը որակազրկվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է «Expressen»-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Շվեդիայի առաջնության 3-րդ տուրի` ԱԿԻ-«Յուրգորդեն» (2:0) խաղի վերջնամասում, որը կայացել է ապրիլի 15-ին:
Հանդիպման ավելացված ժամանակում Մովսիսյանը գլխով ոչ ուժեղ հարված է հասցրել մրցակցի ֆուտբոլիստի ճակատին, որից հետո վերջինս սիմուլյացիայի է դիմել և ընկել խոտածածկին:
Մովսիսյանը ստացած կարմիր քարտի պատճառով մեխանիկորեն արդեն բաց է թողել «Մալմյոյի» հետ կայացած հաջորդ խաղը (3:0): Սակայն, կարգապահական կոմիտեն ավելի ուշ որոշել է ևս մեկ խաղով որակազրկել Յուրային, ինչի պատճառով հայ ֆուտբոլիստը ստիպված կլինի բաց թողնել նաև առաջնության 5-րդ տուրի` «Էլֆսբորգի» հետ ապրիլի 23-ին կայանալիք խաղը:
Հիշեցնենք` իր նորամուտի խաղում Մովսիսյանը խաղադաշտ էր դուրս եկել 76-րդ րոպեին, և արդեն 16 րոպե անց կարմիր քարտ ստացել:
Մովսիսյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են ամերիկյան «Ռեալ Սոլթ-Լեյքին», որտեղից ֆուտբոլիստը մարտի վերջին վարձակալության հիմունքներով տեղափոխվել է «Յուրգորդեն»: