Պաշտպանության բանակի գնդապետ Կարեն Ջալավյանի հրամանատարությամբ գործող զորամասի` Մռով լեռան ստորոտում պատմական Գյուլիստանի դիմացը ծվարած մարտական դիրքերից մեկում էինք:
Ազգի ապագայի ճանապարհն ու նրա հարատևության գաղտնիքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՄԱՐՏԻԿ: Մեր այցելության ընթացքում ականատեսն ենք դառնում վաշտի հրամանատարի կողմից անձնակազմի հրահանգավորման և մասնագիտական պատրաստության կատարելագործմանն ուղղված պարապմունքներին: «Տագնապ» ազդանշանը ստանալուց հետո զինծառայողներից յուրաքանչյուրն, իր պարտականություններին համապատասխան, զբաղեցնում է կրակային դիրքեր, անցնում շրջանաձև պաշտպանության, որպեսզի, բոլոր ուղղություններով վերահսկողություն իրականացնելով, ձախողեն հակառակորդի մտադրությունը:
Դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում կարևոր են բոլոր հանգամանքները` անվտանգության կանոնների պահպանումից մինչև ծառայակիցների միմյանց հանդեպ ընկերական` առողջ մթնոլորտի առկայությունը: Դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Շանթ Մելոյանը, ծառայողական փորձից ելնելով, քաջ գիտակցում է այս ամենը և իրեն վստահված պետական սահմանի պաշտպանությունը կազմակերպում է` հաշվի առնելով յուրաքանչյուր մանրուք:
Շարքային Նարեկ Մուրադյանը շուրջ մեկ տարի է, ինչ ծառայում է Պաշտպանության բանակում: Կատարելով դիրքապահի պարտականությունները` նա ոչ միայն լավագույնս է յուրացրել զինվորականի մասնագիտությունը, այլև ավելի խորությամբ ընկալել հայրենիքի պաշտպանի դերն ու առաքելությունը մեր երկրի անվտանգության ապահովման գործում: Եվ կոչ է անում բոլորին` անձնվիրությամբ ծառայել հայրենիքին ու բարձր պահել այն ազատագրած նախնիների պատիվն ու արժանապատվությունը:
Այո, հայ զինվորի անընդհատ, եղանակային ցանկացած պայմաններում, օր ու գիշեր չթուլացող զգոնության շնորհիվ է ապահովվում մեր երկրի ու նրա բնակչության անվտանգությունը: Իսկ նրանց մարտական բարձր ոգին և Հայրենիքը ցանկացած գնով պաշտպանելու պատրաստակամությունը կրկին ցույց են տալիս ազգի ապագայի ճանապարհն ու նրա հազարամյակների հարատևության գաղտնիքը:
Հրայր Փաշայան