Նիկոլը Փաշինյանը մայիսի 8-ին վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո կժամանի Արցախ:
Փաշինյանը վարչապետ ընտրվելուն պես՝ կժամանի Արցախ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի պատասխանատու Տիգրան Ավինյանը Hraparak.am-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով. «Այո, ճիշտ է: Մայիսի 9-ին կոնկրետ միջոցառումներ են նախատեսվում Արցախում, և Նիկոլ Փաշինյանն արդեն ի պաշտոնե՝ որպես ՀՀ վարչապետ, մասնակցելու է այդ միջոցառումներին»: Սա, փաստորեն, կլինի Նիկոլ Փաշինյանի առաջին գործնական այցը վարչապետի պաշտոնում:
Հարցրինք նաև՝ բացի տոնական միջոցառումներից, օրակարգային հարցեր կա՞ն, որոնց շուրջ կարող է հանդիպում ունենալ Փաշինյանը, մասնավորապես արցախյան խնդրի կամ այս օրերին նկատվում սահմանային լարվածության հետ կապված: Շփման գծում նկատվող լարվածության մասին, հիշեցնենք, տեղեկատվություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:
«Ես չեմ կարծում, որ այս փուլում լարվածությունը ձեռնտու է Ադրբեջանին՝ հասկանալով Հայաստանում կատարվող իրադարձությունները: Ես կարծում եմ, որ որևէ սադրանքի պարագայում Ադրբեջանը կունենա լրջագույն տարածքային կորուստ»,-ասաց Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ այցը տոնակատարություններին մասնակցելու նպատակով է: