Արցախի ծանրամարտի ասոցիացիայի նախաձեռնությամբ Ստեփանակերտի 6-րդ դպրոցի մարզադահլիճում մայիսի 6-ից մեկնարկել է Արցախի ծանրամարտի անդրանիկ առաջնությունը:
Ստեփանակերտում ընթանում է Արցախի ծանրամարտի անդրանիկ առաջնությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի ծանրամարտի ասոցիացիայի նախագահ Արթուր Շիրինյանն ասել է, որ Արցախում վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ է ծանրամարտի առաջնություն կազմակերպվում:
Նրա խոսքով՝ Արցախից և Հայաստանից առաջնությանը մասնակցում են 8-18 տարեկան տարիքային խմբի շուրջ 80 մարզիկ՝ հանդես գալով 28 և ավելի բարձր կգ քաշային կարգերում:
Ըստ մեր զրուցակցի՝ առաջնության նպատակն է Արցախում մասսայականացնել ծանրամարտը և այդ մարզաձևի նկատմամբ սեր առաջացնել:
«Քանի որ ծանրամարտը օլիմպիական մարզաձև է, դրա համար պետք է հնարավորինս արագ տեմպերով զարգացնենք այդ սպորտաձևը և առաջնությունների ժամանակ ի հայտ բերենք լավագույն ծանրորդներին»,-ասել է Ա. Շիրինյանը:
Ծանրամարտի առաջնությունն ավարտվելու է վաղը՝ մայիսի 8-ին. մրցաշարին ներկա կլինեն նաև ՀՀ-ից ժամանած աշխարհի և Եվրոպայի ծանրամարտի մրցանակակիրներ, որոնք էլ մարզիկների հետ կկիսվեն իրենց ձեռք բերած հաջողությունների մասին:
Առաջնության հաղթողները կարժանան մեդալների, պատվոգրերի, դրամական պարգևների և հուշանվերների: