Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին՝ տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվդպրոցի ունկնդիրներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ Ա. Հարությունյանը ապագա դիվանագետներին ներկայացրել է վերջին տարիներին Արցախի տնտեսության տարբեր ուղղություններում արձանագրված հիմնական հաջողություններն ու ցուցանիշները: Պետնախարարի խոսքով՝ հետևողական քաղաքականության շնորհիվ ունեցած ձեռքբերումները նոր հնարավորություններ են ստեղծել կայուն և կանխատեսելի տնտեսության ձևավորման համար, ինչն էլ իր դրական ազդեցությունն է թողել ինչպես սոցիալական լարվածության թուլացման, այնպես էլ ժողովրդագրական ցուցանիշների բարելավման վրա:
«Մենք շատ լավ հասկանում ենք, որ տնտեսական, քաղաքական և անվտանգային առումներով ուժեղ և պաշտպանված Արցախի գոյությունը բանակցային գործընթացում լուրջ առավելություն է տալու հայկական կողմին: Այս իմաստով մենք մեծ ջանքեր ենք գործադրում, և ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս հարցում ունենք Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի անվերապահ աջակցությունը»,- ընդգծել է Ա. Հարությունյանը: