ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն մասնակցել է ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստին, որի ընթացքում խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին։
Վաշինգտոնը հույս ունի, որ Թուրքիան ձեռք չի բերի ռուսական ՀՕՊ համակարգերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ամերիկացի պաշտոնյան անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի գնման մտադրության մասին։ Պետքարտուղարը խոսել է նաև ամերիկյան արտադրության «F-35» նոր սերնդի ռազմական ինքնաթիռների շուրջ ստեղծված խնդրի մասին, որոնք պաշտոնական Անկարան պատրաստվում է գնել ԱՄՆ-ից, սակայն գործարքը կարող է չեղարկվել թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով:
«Մենք շարունակելու ենք աշխատանքներ իրականացնել, որպեսզի Թուրքիան Ռուսաստանից չգնի S-400 ՀՕՊ համակարգերը։ Դա դեռևս տեղի չի ունեցել և հույս ունենք, որ տեղի չի էլ ունենա»,- «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ՝ ասել է Պոմպեոն։
Չնայած Թուրքիայից եկող բոլոր սպառնալիքներին, թե անհրաժեշտության դեպքում Թուրքիան դուրս կգա ՆԱՏՕ-ից, այնուամենայնիվ, ամերիկացի պաշտոնյան իրատեսական չի համարում դա։ Նա շեշտել է, որ Թուրքիան պետք հավատարիմ մնա ՆԱՏՕ-ի սկզբունքներին և քայլեր ձեռնարկի, որ դաշնակցային հարաբերությունները չտուժեն։
Անդրադառնալով «F-35»-ների հարցին՝ ԱՄՆ-ի պետքարտուղարը նշել է, որ ամերիկյան ղեկավարությունը դեռևս վերջնական որոշում չի կայացրել նոր սերնդի ինքնաթիռները Թուրքիային մատակարարելու հարցում: