Շուշիի կերպարվեստի թանգարանում այսօր բացվել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղի արվեստի դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդես՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
Շուշիում բացվել է ցուցահանդես՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ցուցահանդեսին ներկայացված էին Վանք գյուղի արվեստի դպրոցի սաների պատրաստած 15 քանդակ և 60 գեղանկար: Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես է եկել Շուշիի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի անսամբլը:
Միջոցառմանը ներկա ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը տոնի առթիվ շնորհավորել է բոլոր երեխաներին՝ մաղթելով ուրախ ու անհոգ մանկություն:
Նշենք, որ ցուցահանդեսը կազմակերպվել է «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի և «Ապագա սերունդներ» հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ: Այն այցելուների համար բաց կլինի մեկ ամիս: