Գյուղատնտեսության փոխնախարարը բավարար է գնահատում գարու բերքահավաքի արդյունքները
Բերքահավաքի ենթակա ցանքատարածքներն այս տարի Արցախում կազմում են շուրջ 77 հազար հեկտար, նախորդ տարվա 58 հազար 678-ի դիմաց՝ ներառյալ նաև գարնանացան հասկավոր հացահատիկային մշակաբույսերի ցանքսերը:
Գյուղատնտեսության փոխնախարարը բավարար է գնահատում գարու բերքահավաքի արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը:
Նա նշել է, որ հունիսի 4-ի դրությամբ գարու բերքահավաքի աշխատանքներ են ընթանում Ասկերանի շրջանում, որտեղ հնձվել է 144 հա, Հադրութի՝ 1100, Մարտակերտի՝ 70, Մարտունու՝ 263 և Քաշաթաղի՝ 545 հա:
Ընդհանուր առմամբ՝ հնձվել է 2122 հա. համախառն բերքը կազմում է 4542 տոննա, միջին բերքատվությունը հեկտարից կազմում է 21,4 ցենտներ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 22 ց-ի դիմաց:
Փոխնախարարն ավելացրել է նաև, որ միջին բերքատվության ցուցանիշներն ամենաբարձրը Քաշաթաղում է 26 ց, իսկ ամենաքիչը Մարտակերտում՝ 12 ց միջին բերքատվությամբ:
Խոսելով բերքահավաքի արդյունքների մասին՝ Վ. Ավետիսյանն ընդհանուր առմամբ բավարար է գնահատել արձանագրված ցուցանիշները:
«Բերքահավաքի աշխատանքներում ներկայումս ներգրավված է 57 կոմբայն, որից 43-ը Արցախից է, իսկ 14-ը Հայաստանից: Հացահատիկային կոմբայնների առումով խնդիրներ չունենք: Արցախում բերքահավաքի լայնածավալ աշխատանքների համար ներկայումս տեխնիկապես սարքին վիճակում նախապատրաստվել է 261 կոմբայն, ևս 80-100 կոմբայն էլ կընդգրկվեն Սյունիքի մարզից, ինչը լրիվությամբ բավարարում է բերքահավաքի աշխատանքները ժամանակին իրականացնելու համար»,-հավելել է Վ. Ավետիսյանը:
Ըստ փոխնախարարի՝ եղանակային անբարենպաստ պայմանները փոքր-ինչ ուշացման պատճառ են հանդիսանում բերքն անկորուստ հավաքելու համար:
Վ. Ավետիսյանը տեղեկացրել է նաև, որ Քաշաթաղի շրջանի որոշ ցանքատարածություններ վերջերս կարկտահարվել են: Վնասների չափերը ճշտելու համար ոլորտի մասնագետները վաղվանից տեղերում ուսումնասիրություններ են կատարելու: