Անկարան պատրաստ է պատասխան քայլեր ձեռնարկել Միացյալ Նահանգների դեմ Վաշինգտոնի կողմից պողպատի եւ ալյումինի ներկրման համար մաքսատուրքեր սահմանելու մասին որոշումից հետո, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն:
Թուրքիան պատրաստ է պատասխան քայլեր ձեռնարկել ԱՄՆ կողմից առեւտրային մաքսատուրքերի ներդրումից հետո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մենք քննարկել ենք (ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ) տնտեսական հարաբերությունները մեր երկրների միջեւ: ԱՄՆ-ի սահմանած հարկերը շատ են մտահոգել մեր ոլորտը: Բանակցություններում մենք ասել ենք, որ եթե մենք պատասխան քայլեր ձեռնարկենք, դրանք ԱՄՆ-ին ավելի մեծ վնաս կհասցնեն, քանի որ մեր ներմուծումը (ԱՄՆ-ից) ավելի մեծ է, քան արտահանումը»,- news.am–ի փոխանցմամբ՝ NTV-ի եթերում ասել է Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ մայիսի վերջին հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը Եվրոպայից, Կանադայից, Մեքսիկայից եւ այլ երկրներից ԱՄՆ ներկրվող պողպատի եւ ալյումինի գործարքների համար 25 եւ 10 տոկոս մաքսատուրքեր է սահմանել: Մի շարք երկրներ արդեն իսկ արձագանքել են ԱՄՆ որոշմանը: Այդպես, ԵՄ-ն հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերի կապակցությամբ իրավաբանական ընթացակարգեր կսկսի ԱՀԿ-ի շրջանակներում: Կանադան եւ Մեքսիկան ավելի վաղ հայտարարել էին մի շարք ամերիկյան ապրանքների համար պատասխան մաքսատուրքրեի սահմանման մասին: