Ժամանակավոր հանրային խորհուրդը 670 դիմում-բողոք-առաջարկ է ստացել. պատասխանատուները հանդես են եկել մամուլի ասուլիսով
Հունիսի 2-5-ը Ստեփանակերտում կազմակերպված բողոքի ակցիայի նախաձեռնողներից ստեղծված ժամանակավոր հանրային խորհուրդը, որն անցած երկու օրերին հավաքագրում էր հանրային խնդիրներն, այսօր՝ հունիսի 7-ին, հանդես է եկել մամուլի ասուլիսով՝ ներկայացնելու կատարած աշխատանքների արդյունքները:
Ժամանակավոր հանրային խորհուրդը 670 դիմում-բողոք-առաջարկ է ստացել. պատասխանատուները հանդես են եկել մամուլի ասուլիսով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ խորհրդի անդամ Դավիթ Սիմոնյանն ասել է, որ երկօրյա գործունեության ընթացքում հավաքագրել են շուրջ 670 դիմում-բողոք-առաջարկ: «Արդեն իսկ լուծում են ստացել բազմաթիվ հարցեր, սակայն, ընդհանուր առմամբ, հնչեցված հարցերին նախապատվություն է տրվելու ըստ անհրաժեշտության՝ նախ փորձելու ենք լուծել զոհված ազատամարտիկների, վիրավորների, բազմազավակ ընտանիքների հարցերը, այնուհետև՝ այլ բնույթի հարցեր»,- ասել է Դ. Սիմոնյանը և ավելացրել, որ այս փուլում բավարարվել են այսքանով:
Դ. Սիմոնյանի խոսքով՝ աշխատելու են թափանցիկ, և ցանկացած հարցի լուծում ներկայացվելու է հրապարակավ, իսկ հանրությանը պարբերաբար կտեղեկացվի խորհրդի աշխատանքների մասին:
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր միացել են նախաձեռնությանը, և իրենց հետ միասին պահանջում էին արդարություն, փոփոխություն ուժային կառույցներում:
Ժամանակավոր հանրային խորհրդի անդամներից Սերգեյ Ղազարյանը նշել է, որ իրենք շատ գոհ են նաև վերջին օրերին հանրապետությունում սկսված պաշտոնանկություններից, քանի որ բողոքի ակցիային մասնակից քաղաքացիների պահանջներից մեկն էլ վերաբերվում էր կադրային փոփոխություններին:
«Երեկ երեկոյան հանդիպել ենք Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին՝ մեր գոհունակությունը հայտնելու կատարված կադրային փոփոխությունների վերաբերյալ: Մենք նշել ենք, որ այդ փոփոխությունները մեծ քայլ են իշխանության և ժողովրդի միջև վստահության մթնոլորտ ձևավորելու համար: Ստեղծված իրավիճակում այն եղել է մեր կողմից առաջադրված պահանջ, որն ընդունվել է իշխանությունների կողմից: Մենք պետք է ցույցերը տեղափոխեինք կոնստրուկտիվ դաշտ, որպեսզի ստեղծվեն պայմաններ՝ լսելու մեր քաղաքացիներին: Բոլոր փոփոխությունները միանգամից տեղի ունենալ չեն կարող, արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է քրտնաջան աշխատանք»,- նշել է Ս. Ղազարյանը:
Մամուլի ասուլիսին ժամանակավոր հանրային խորհրդի անդամները պատասխանել են նաև լրագրողների հարցերին: