Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը սկսել է գարու մթերումը
ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամն արդեն մթերել է շուրջ 1227 տոննա 283 կգ գարի:
Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը սկսել է գարու մթերումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Հրանտ Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ Արցախի պահեստներում մթերվել է ավելի քան 738 տոննա գարի, իսկ ՀՀ-ում գործող պահեստներում՝ 488 տ:
«Մթերման կետերում գարու 1 կգ-ի դիմաց տրամադրվում է 87 և 95 դրամ: Կանխիկ վճարման դեպքում գարու 1 կգ-ի դիմաց հողօգտագործողին է տրամադրվում 87 դրամ, իսկ 95 դրամ՝ հիմնադրամի հանդեպ պարտավորություն ունեցողներին: Եթե հողօգտագործողն ինքն է իր միջոցներով գարին տեղափոխում ՀՀ մթերման կետեր վերոնշյալ գներին 1 կգ-ի դիմաց հավելյալ վճարվում է 18 դրամ: Ընդ որում, կանխիկի դեպքում մթերված գարու դիմաց վճարվող գումարի 50 տոկոսը տրամադրվում է 5 օրվա ընթացքում, իսկ մնացած 50 տոկոսը վճարվելու է մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը»,-մանրամասնել է Հ. Սաֆարյանը:
Մեր զրուցակիցը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում, բերքահավաքին զուգահեռ, գյուղհիմնադրամը սկսելու է նաև ցորենի մթերումը: Ցորենի գները նախատեսվում են կանխիկի դեպքում 1 կգ-ի դիմաց` 100 դրամ, 108 դրամ` հիմնադրամի պարտավորությունները մարելու, ինչպես նաև հավելյալ վճարվելու է 18 դրամ հիմնադրամի երևանյան պահեստներում մթերելու դեպքում:
Խոսելով մթերման կետերի մասին՝ Հ. Սաֆարյանն ասել է, որ Արցախում այն իրականացվում է Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի, Մարտունու, Մարտակերտի, Շուշիի պահեստներում, իսկ ՀՀ-ում՝ Երևան քաղաքում: Մոտ օրերս մթերման կետ կբացվի նաև Հադրութում: