Քաշաթաղի և Հադրութի շրջանի հարավային հատվածում՝ Արաքսի հովտի ողջ երկայնքով, հունիսի 16-ին, տեղացել է հորդառատ անձրև, կարկուտ, արձանագրվել՝ ուժգին քամիներ:
Կարկուտն ու ուժգին քամիները մեծ վնասներ են հասցրել Արցախի հարավային թևին. պետնախարար Մարտիրոսյանը խորհրդակցություն է հրավիրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայտնել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ նշելով, որ դրանց հետևանքով մի շարք համայնքներում վնասվել են տների և պետական նշանակության շինությունների տանիքներ, պոկվել կամ մասնակի վնասվել են էլեկտրասյուներ, ինչի հետևանքով ժամանակավորապես հոսանքազրկել են որոշ համայնքներ։ Ցավոք, դարձյալ մեծ վնաս է հասցվել տեղի ցանքատարածություններին։ Վնասի չափը ճշտվում է։
Պետնախարարի տեղեկացմամբ՝ այդ կապակցությամբ այսօր՝ հունիսի 17-ի առավոտյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը և արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը։ Օպերատիվ իրավիճակի մասին տեղերից տեղեկություններ են հաղորդել նաև Քաշաթաղի և Հադրութի շրջվարչակազմի ղեկավարներ Սուրեն Խաչատրյանը և Իվան Ավանեսյանը։
«Քննարկել ենք ստեղծված իրավիճակում հրատապ միջոցների ձեռնարկման և առկա խնդիրներին արագ արձագանքման հետ կամված հարցեր։ Ինչ վերաբերում է բնական աղետի հետևանքների վերացմանը և այդ նպատակով պետական աջակցության չափերին, ապա հարցն օրվա ընթացքում կքննարկվի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ այդ կապակցությամբ հրավիրելիք ընդլայնված խորհրդակցության ժամանակ»,- նշել է պետնախարար Մարտիրոսյանը։