Նախօրեին ադրբեջանական քարոզչական կայքերից մեկը տեղեկատվություն հրապարակեց, թե Իսրայելի պաշտպանության նախարարի այցն Ադրբեջան չեղյալ է հայտարարվել՝ պայմանավորելով այն հանգամանքով, որ առաջիկա օրերին Ադրբեջանի բանակի կազմավորման միջոցառումներին մասնակցելու է նաև Իրանի պաշտպանության նախարարը:
Իրանի գործոնը կրկին արդիական է դառնում Ադրբեջանի և Իսրայելի հարաբերություններում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մինչ իրանական ԶԼՄ-ները Լիբերմանի այցի չեղյալ հայտարարվելուց ոգևորված փորձում էին տեղեկատվությունը լուսաբանել իբր վերջին տարիներին Իրան-Ադրբեջան հարաբերություններում ձևավորված փոխվստահության մթնոլորտի համապատկերում, Իրանի պաշտոնական ԶԼՄ-ներն այսօր արդեն տեղեկատվություն հրապարակեցին, որ Իսրայել է մեկնել Ադրբեջանի ներքին գործերի նախարարը, որը հանդիպում է ունեցել նաև Իսրայելի պաշտպանության նախարարի հետ:
«Դատելով իրադարձությունների զարգացումից՝ կարելի է փաստել, որ Ադրբեջանը, իրանական թեման շրջանառության մեջ դնելով, տեղեկատվական դաշտում հետաքրքիր քարոզչական հնարք գործարկելուց անմիջապես հետո ներքին գործերի նախարարին գործուղեց Թել Ավիվ»,-նշել է նա: