Արցախը Հայաստանին կապող երրորդ՝ այլընտրանքային ճանապարհը կարող է դառնալ միջպետական մայրուղի. Կարեն Շահրամանյան
Այսօր` հուլիսի 12-ին, ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանին, ում հետ քննարկման թեման ծավալվել է ճանապարհաշինության և ճանապարհների պահպանման ու շահագործման ուղղությամբ:
Արցախը Հայաստանին կապող երրորդ՝ այլընտրանքային ճանապարհը կարող է դառնալ միջպետական մայրուղի. Կարեն Շահրամանյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ քաղաքաշինության նախարարությունից՝ մանրամասնելով, որ հանդիպմանը Կ.Շահրամանյանը ներկայացրել է Արցախի ճանապարհների ներկա նկարագիրը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում ՀՀ գործընկերների հետ համագործակցությունն էլ ավելի կխորացվի և համատեղ կկարողանան լուծում տալ ոլորտում առկա հարցերին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ քաղաքաշինության նախարարը նշել է, որ խնդիրներ կան ինչպես միջպետական, այնպես էլ հանրապետական նշանակության ճանապարհների մասով:
Այսպես՝ Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ մայրուղու Սոթքի ոլորանների բարձրադիր գոտում ձմռանը սպասարկման աշխատանք իրականացնելու համար անհրաժեշտ է համապատասխան տեխնիկա:
Ճանապարհների այն վայրերում, որտեղ առկա են սողանքային հոսքեր, երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու համար շատ երբեմն մասնագետների կարիք է լինում, իսկ Հայաստանը նման խնդրով հաճախ է հրավիրում օտարերկրյա մասնագետների: Ա.Հակոբյանի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Հայաստան ժամանած մասնագետները գործուղվեն նաև Արցախի Հանրապետություն:
Արցախը Հայաստանին միացնող 3-րդ՝ այլընտրանքային ճանապարհը կարող է դառնալ Կովսական-Միջնավան-Կապան-Գորիս միջպետական մայրուղին: Կ.Շահրամանյանն առաջ է բերել 3-րդ ճանապարհի ռազմավարական նշանակությունը, մնում է միայն հոգալ բարեկարգման ու ասֆալտապատման խնդիրը:
Այսպիսով ԱՀ հարավային՝ արաքսամերձ գոտին և ՀՀ Սյունիքի մարզն այս ճանապարհով ավելի հեշտ ու կարճ ժամանակում կարող են մտնել ազատ առևտրային դաշտ: Բացի այդ, 3-րդ ճանապարհը ստրատեգիական առումով ավելի պահանջված կդառնա:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ աշխատանքային խորհրդակցությունը եզրափակվել է փոխհամաձայնությամբ, որ նշված թեմաների շուրջ գործնական քայլերը չեն ուշանա: