«Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակում, պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնությամբ, օրերս Պաշտպանության բանակում էին ՀՀ գիտության ու մշակույթի ճանաչված գործիչները: Վերջիններս Հայաստանի առաջին հանրապետությանը նվիրված դասախոսություններով ներկայացել են ՊԲ-ի զորամասեր, անդրադարձ կատարել 100-ամյա վաղեմության բախտորոշ իրադարձություններին, կապել դրանք արդի իրողությունների և հավանական զարգացումների հետ, պատասխանել զինվորներին հետաքրքրող հարցերին:
ՀՀ գիտության ու մշակույթի ճանաչված գործիչներն այցելել են Պաշտպանության բանակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՄԱՐՏԻԿ: Ինչպես փաստում են մտավորականները, նման նախաձեռնությունների արդյունքում ոչ միայն զինծառայողներն են հանգամանորեն տեղեկացվում և ընդլայնում իրենց գիտելիքներն ու ազգային ինքնագիտակցության մակարդակը, այլ նաև հետագա` առավել հասցեական ու արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ լիցքեր են ստանում նաև գիտնականներն ու մշակույթի գործիչները:
Հավելենք, որ «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակում ընթացիկ տարվա ընթացքում նախատեսվում են ևս մի քանի այցելություններ Պաշտպանության բանակի զորամասեր:
Արման Ավանեսյան