Հայաստանը տրամադրված է, որ որևիցե քայլ չպետք է անի, որից կտուժի ՀԱՊԿ հեղինակությունը:
Խաչատուրովը շարունակում է մնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում. ՀՀ ԱԳՆ խոսնակ
«Մեր քայլերն ամբողջությամբ համապատասխանում են ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի դրույթներին»,-ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ հիշեցնելով, որ ԱԳՆ-ն կազմակերպության գործընկեր երկրներին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթացը:
Նրա խոսքով, այս պահի դրությամբ ինտենսիվ քննարկումները շարունակվում են:
«Մեր ներգրավվածությունը ՀԱՊԿ-ում նպաստել է միայն այդ կառույցի ուժեղացմանը, ընդհանրապես նայեք ՀԱՊԿ-ում մեր վերջին նախագահությունները, կարևորագույն փաստաթղթերը ՀԱՊԿ-ում ընդունվել են հենց մեր նախագահությունների օրոք: Օրինակ ՀԱՊԿ զարգացման հայեցակարգն ընդունվեց հենց մեր նախագահության օրոք՝ 2016 թվականին Երևանում: Նախորդ նախագահության օրոք՝ 2009-ին ընդունվեց ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասին համաձայնագիրը, որն էլ մեր նախաձեռնությամբ էր»,-ասաց Տ. Բալայանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ով պետք է փոխարինի Խաչատուրովին, ԱԳՆ խոսնակը հիշեցրեց՝ Յուրի Խաչատուրովը դեռևս այդ կազմակերպության գլխավոր քարտուղարն է:
«Քանի ՀԱՊԿ խորհուրդը որոշում չի կայացրել նրան փոխարինելու վերաբերյալ, ինքը շարունակում է մնալ այդ պաշտոնին: Փոփոխման գործընթացը, որ մենք առաջարկել ենք սկսել, ընթացող քննարկումները, դեռ չեն նշանակում, որ պարոն Խաչատուրովն ազատված է այդ պաշտոնից: Նա շարունակում է մնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար այսօր ևս»,-ասաց Տ. Բալայանը:
Ինչ վերաբերում է Խաչատուրովին հայաստանցի մեկ այլ պաշտոնյայով փոխարինելու հնարավորությանը, նախարարության ներկայացուցիչն ասաց, թե ով, ինչպես ու ինչ ժամանակահատվածում կփոխարինի Խաչատուրովին, դա արդեն քննարկումների ու կոնսենսունսով կայացվելիք հարց է:
Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել: Դատարանի որոշմամբ նրա նկատմամաբ այլընտրանքային խափանման միջոց ընտրվել՝ 5 մլն դրամ գրավի դիմաց նա ազատության մեջ է: