ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարողացել է կարգավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները:
Թրամփը հայտնել է, որ կարողացել է կարգավորել Պուտինի հետ հարաբերությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նա ասել է Փենսիլվանիայի նահանգում տեղի ունեցած հանրահավաքում ելույթ ունենալիս, հայտնում է news.am-ը:
«Հելսինկիում ես Վլադիմիր Պուտինի հետ հոյակապ հանդիպում անցկացրեցի: Մենք ամեն ինչ քննարկեցինք…Մենք իսկապես լավ հարաբերություններ հաստատեցինք»,- հայտարարել է նա:
Թրամփի եւ Պուտինի առաջին լիամասշտաբ բանակցությունները տեղի են ունեցել հուլիսի 16-ին Հելսինկիում: Նրանք նախ 2 ժամից ավելի զրուցել են դեմ առ դեմ, որից հետո պատվիրակությունները ճաշել են ընդլայնված կազմով, իսկ այնուհետեւ պատասխանել են լրագրողների հարցերին: Հանդիպման արդյունքներով նրանք հայտարարել են 2 երկրների հարաբերությունների բարելավման շահագրգռության մասին:
Թրամփը ցանկանում է Պուտինի հետ հաջորդ հանդիպումն անցկացնել 2019 թվականին: Հանդիպման շրջանակում ԱՄՆ նախագահը հույս ունի քննարկել ահաբեկչությանը հակազդեցությունը, Իսրայելի անվտանգության հարցերը, միջուկային չտարածման, կիբեռհարձակումների, տնտեսական համագործակցության թեմաները, Ուկրաինան, Մերձավոր Արեւելքում խաղաղությունը, Հյուսիսային Կորեան եւ այլ թեմաներ: