Շուշիում նախաձեռնվել է մշտական ցուցադրություն լուսային ինստալացիայի կիրառմամբ
Ժամանակակից արվեստի ինստիտուտի և եվրոպացի արվեստագետների նախաձեռնությամբ՝ Շուշի քաղաքի պատմական բերդապարիսպների աշտարակներից մեկում նախաձեռնվել է մշտական ցուցադրություն՝ լուսային ինստալացիայի կիրառմամբ:
Շուշիում նախաձեռնվել է մշտական ցուցադրություն լուսային ինստալացիայի կիրառմամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ իրականացվող նախագծի շնորհիվ՝ այցելուները հնարավորություն կունենան հատուկ պայմաններում տեսնել բերդապարիսպների և շրջակայքի տարածական արտապատկերը:
Ժամանակակից արվեստի ինստիտուտի ներկայացուցիչ և նախաձեռնության հեղինակներից Աննա Կամայը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նախագիծը կրում է «Լուրեր ոչ մի տեղից» անվանումը: «Սա մեր առաջին նախաձեռնությունն է Արցախում՝ արվեստագետներ Ադա Կոբուշեվիչի և Ռադմիլա Ստանկեվիչի հետ համատեղ, որով ցանկանում ենք ցույց տալ աշխարհում չճանաչված պետությունների կարգավիճակը այն իմաստով, որ նրանք իրականում գոյություն ունեն, որտեղ մարդիկ ապրում են, ունեն իրենց ինքնությունը և ճակատագիրը»,- նշել է Ա. Կամայը, ընդգծելով, որ առաջիկայում Արցախում հանդես են գալու նոր նախաձեռնություններով՝ այս տարվա հոկտեմբերին կազմակերպելով ժամանակակից արվեստի փառատոն Ստեփանակերտում:
Լեհ արվեստագետ Ադա Կոբուշեվիչը՝ ով ժամանակակից արվեստի ոլորտում իր գործունեությունը ծավալում է Ավստրիայում, նշել է, որ Արցախով հետաքրքվելու և նման նախաձեռնությամբ հանդես գալու պատճառ է դարձել գերմանական մի խմբի կատարմամբ հնչած Լեռնային Ղարաբաղ երգը: «Այդ երգը մենք լսել ենք տարիներ առաջ Սերբիայում և անմիջապես դրանից հետո սկսել ուսումնասիրել Արցախը: Այս նախագիծը, որը մենք կազմակերպել ենք Արցախում ներկայացնելու ենք ի հակադրություն Ավստրիայի Շտիրիա քաղաքում արված մեկ այլ նախագծի, քանի որ Արցախում մարդկանց մեջ միանալու ձգտումն է և դա մենք ընկալում ենք որպես ուտոպիա է, իսկ Շտիրիայում ամբողջովին հակառակ պատկերն է: Բացի այդ մենք նաև ցանականում ենք ցույց տալ, որ կան պետություններ, որոնք չնայած ճանաչված չեն, սակայն գոյություն ունեն և այդտեղ մարդիկ ապրում են»,- մարզաբանել է Ա. Կոբուշեվիչը:
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը ընդգծել է, որ նման նախաձեռնության միջոցով ևս մեկ անգամ ապացուցվում է Արցախի զբոսաշրջության զարգացման պոտենցիալը: «Համոզված եմ, որ ժամանակակից արվեստի ներկայությունը այստեղ ավելի կաշխուժացնի Շուշիի ամրոցի տարածքը՝ որպես զբոսաշրջավայր, քանի որ հնարավորություն է ընձեռվում տեսնել բերդապարիսպները նաև ժամանակակից արվեստի միջոցով: Առաջիկայում տարածքը կկահավորվի անհրաժեշտ ենթակուցվածքներով, այդ թվում նաև կտեղադրվեն համապատասխան ցուցանակներ և մի քանի լեզուներով կներկայացվի անհրաժեշտ տեղեկատվություն այցելուներին»,- ասել է Ա. Գրիգորյանը:
Նա նշել է, որ մուտքը ազատ է, միակ պահանջը լինելու է այն, որ տարածքը պահվի մաքուր և կոկիկ: