«Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ»-ն իր գործունեությունը կդադարեցնի 2019 թվականին
«Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ»-ը 2019 թվականի հունվարի 1-ից կդադարեցնի իր գործունեությունը. հիմնադրամի ստանձնած պարտավորություններն ու իրականացվող ծրագրերը կփոխանցվեն ու կշարունակվեն այլ կառույցների:
«Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ»-ն իր գործունեությունը կդադարեցնի 2019 թվականին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ»-ի տնօրեն Մարատ Հասրաթյանը:
Նրա խոսքով` գյուղական կամ քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով 3 մլն անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու ծրագիրը շարունակելու է գործել նաև 2019 թվականին:
«Այդ շրջանակներում, մինչև ընթացիկ տարվա վերջ կբավարարվեն 2016-17 թվականններին պետական աջակցություն ստանալու համար ներկայացված 83 հայտատերերը: Այս տարվա արդեն ընդունված ևս 28-ը, ինչպես նաև մինչև տարեվերջ էլ ընդունվելիք հայտերը կբավարարվեն 2019 թվականի ընթացքում»,-ասել է Մ. Հասրաթյանը:
Խոսելով զոհված ազատամարտիկների զավակների, երկրորդ և երրորդ կարգի զինվորական հաշմանդամության կարգ ունեցողների, փախստականների, միածնող, ինչպես նաև 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող բազմազավակ ընտանիքներին հիփոթեքային վարկերի կանխավճարների և տոկոսների լրիվ սուբսիդավորման պետական աջակցության ծրագրից՝ Մ. Հասրաթյանն ասել է, որ ընթացիկ տարվա հունիսի 6-ից ժամանակավորապես դադարեցվել է միայն բնակարան գնելու համար հիպոթեքային վարկի սուբսիդավորումը:
«Բնակարանի վերանորոգման, կառուցման համար հիպոթեքային վարկերի սուբսիդավորմանը նպատակաուղղված պետական ֆինանսական աջակցությունն արդեն սկսվել է. հույս ունենք, որ 2019 թվականին կշարունակվի նաև բնակարանների գնման համար նախատեսվող աջակցությունը ևս:
Մ. Հասրաթյանը, ընդհանուր առմամբ, հաջողված է համարում հիմնադրամի գործունեությունը: Նրա տեղեկացմամբ` 2016 թվականից մինչև այժմ հիմնադրամը սուբսիդավորել է 237 ընտանիքների բնակարանի գնման, ինչպես նաև 165-ի վերանորոգման ու 23-ի կառուցման հիփոթեքային վարկերի տոկոսագումարները:
«Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ»-ի տնօրենը ավելացրել է նաև, որ ԱՀ կառավարության որոշմամբ` զինվորական հաշմանդամություն ունեցող առաջին և երկրորդ խմբերի հաշմանդամներին օգտագործված էլեկտրաէներգիայի և բնական գազի դիմաց պետական-ֆինանսական աջակցության ծրագիրը ևս առայժմ ուժի մեջ է: