Գանձասարի վանքի հարակից տարածքում գտնվող հոգևոր ճեմարանի համար կառուցված շենքի հիման վրա՝ ճարտարապետ Վալերի Հայրապետյանի նախագծմամբ¸ մեկնարկել են Մատենադարանի արցախյան մասնաճյուղի շինարարական աշխատանքները։
Մեկնարկել են Մատենադարանի արցախյան մասնաճյուղի շինարարական աշխատանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Ինչպես «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց շինարարական աշխատանքներն իրականացնող «Շինվերանորոգման տնտեսություն» ՓԲ ընկերության տնօրեն Արկադի Ծատրյանը, աշխատանքներն ընթանում են ծրագրի համաձայն և կավարտվեն գալիք տարվա սեպտեմբերին։
Հավելենք, որ հանրապետության 2015թ. պետբյուջեի՝ ԼՂՀ Ազգային ժողովում օրերս տեղի ունեցած նախնական քննարկումների ժամանակ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը հայտարարել էր, որ արցախյան մասնաճյուղում կտեղակայվեն Երևանի Մատենադարանում պահվող ձեռագրերի կրկնօրինակները։
Նշենք նաև, որ Երևանի Մատենադարանի արցախյան մասնաճյուղի շինարարությունն իրականացվում է մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի միջոցներով, որի համար հատկացվել է ավելի քան 269 մլն. դրամ։
Ի դեպ, նշենք որ Մատենադարանի արցախյան մասնաճյուղի նախագծմանը խորհրդատվության կարգով մասնակցել է ճարտարապետ Արթուր Մեսչյանը։