Թուրքերը մինչ այսօր էլ պանթուրքիզմի ծրագրերից չեն հրաժարվել. ցեղասպանագետ
Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի Լուտովիկա և Հակոբ Այնթափլյանների անվան արևմտահայերենի, հայագիտության գիտահետազոտական կենտրոնում այսօր տեղի է ունեցել հանդիպում-դասախոսություն Բեռլինի պետական Ազատ համալսարանի դոկտոր, պրոֆեսոր, քաղաքական-հասարակական գործիչ, աշխարհագետ, քարտեզագետ, ցեղասպանագետ Ժիրայր Քոչարյանի հետ:
Թուրքերը մինչ այսօր էլ պանթուրքիզմի ծրագրերից չեն հրաժարվել. ցեղասպանագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը Գրիգոր Նարեկացի համալսարանի ռեկտոր Վարդան Հակոբյանը ներկայացնելով Ժ. Քոչարյանին, ասել է, որ գերմանացի ցեղասպանագետ Թեսա Հոֆմանը և Ժիրայր Քոչարյանը համատեղ անգլերեն լեզվով լույս են ընծայել Ցեղսպանության վերաբերյալ գիրք, որտեղ խոսվում է Արևմտյան Հայաստանում հայերի նկատմամբ կատարված վայրագությունների, ավերածությունների, ցեղասպանության, հայրենազրկման մասին:
Գրքում նկարներով ճշգրիտ ներկայացվում է նաև 1915-17 թվականներին տեղի ունեցած Ցեղասպանության փաստեր:
Վ. Հակոբյանը նշել է, որ վերջերս Գերմանիայի կողմից Հայոց Ցեղասպանության ընդունմանն իրենց մեծ նպաստն են ունեցել Թեսա Հոֆմանը և Ժիրայր Քոչարյանը:
Ժ. Քոչարյանն էլ իր խոսքում ասել է, որ ցեղասպանության արծարծումն ու հանրության կողմից ճանաչումն ինքնանպատակ չէ:
«Մենք ուզում ենք փաստել, որ թուրքերը մինչ այսօր էլ պանթուրքիզմի ծրագրերից չեն հրաժարվել: Դժբախտաբար Հայաստանում քիչ է խոսվում թուրքերի կողմից մշակված պանթուրքիզմի ծրագրերի
մասին, սակայն դա առկա և այդ մասին պիտի բարձրաձայնվի: Եթե Արցախը ժամանակին ինքնապաշտպանության չդիմեր, ապա կարժանանար Արևմտյան Հայաստանի ճակատագրին: Ի նպաստ Հայոց ցեղասպանության՝ ամեն տարի Գերմանիայում՝ Թուրքիայի դեսպանատան առաջ,մենք բողոքի ակցիաներ և ցույցեր ենք կազմակերպում: Հայոց եղեռնի ճանաչումն անհրաժեշտ է ոչ միայն հայությանը, այլև ողջ աշխարհի ժողովուրդներին»,-մասնավորապես ասել է Ժ. Քոչարյանը:
Հանդիպման վերջում համալսարանի դասախոսները և ուսանողները հանդես եկ եկել հարցերով: